Տուլայի ՃՏՊ–ից տուժածների կյանքին վտանգ չի սպառնում. Մուրադյան

Տուլայի ՃՏՊ–ից տուժածների կյանքին վտանգ չի սպառնում. Մուրադյան

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Տուլայի ՃՏՊ–ի` Երևան ժամանած տուժածների կյանքին վտանգ չի սպառնում,  լրագրողներին ասել է Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։

Նախօրեի ուշ երեկոյան Երևան է ժամանել Ռուսաստանի ԱԻՆ հատուկ չվերթը Տուլայի ՃՏՊ–ի հետևանքով տուժած 32 քաղաքացիներով, ևս 12 մարդ մնացել է Ռուսաստանում բուժումը շարունակելու համար, նրանք ռուս բժիշկների հսկողության ներքո են։

 «Խոսքը գանգուղեղային վնասվածքների, ողնաշարի, ողերի և ազդրոսկրերի կոտրվածքների, բաց վերքերի մասին է։ Նրանց կյանքին այս պահին վտանգ չի սպառնում։ Թռիչքն անցել է առանց միջադեպերի»,– ասել է Մուրադյանը։

Ինչպես հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը, նրա խոսքով, առավել ծանր վիճակում գտնվող ութ տուժածներ տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ մյուսներն ուղղվել են այլ կլինիկաներ։ 


«Հիվանդների բուժումը Ռուսաստանում իրականացվել է Ռուսաստանի առողջապահության նախարարության հաշվին, Հայաստանում` մեր երկրի առողջապահության նախարարության հաշվին»,– պարզաբանել է նա։

Նախարարը հայտնել է նաև, որ 12 տուժածներ նախօրեին ուղղաթիռներով տեղափոխվել են Տուլայի կլինիկական հիվանդանոց։

«Նրանցից երկուսը ծայրահեղ ծանր վիճակում են։ Մեկին վիրահատել են այսօր: Բոլոր հիվանդները բժիշկների խիստ վերահսկողության ներքո են»,– ասել է Մուրադյանը, ընդգծելով, որ բժիշկներն աննպատակահարմար են համարել նրանց տեղափոխումը Հայաստան։

«Ռուսաստանի առողջապահության փոխնախարարը շարունակում է նրանց կողքին մնալ։ Հայկական կողմը տեղեկություն է ստանում յուրաքանչյուր երեք ժամը մեկ»,– ավելացրել է նա։

Խոսելով վարորդների վիճակի մասին` Մուրադյանն ասել է, որ ֆիզիկական վնասվածքներ չունեն, իսկ հոգեբանական օգնությունը նրանց կցուցաբերվի անհրաժեշտության դեպքում։

«Հայգեր» մակնիշի ուղևորատար ավտոբուսը Տուլայի մարզի Ուզլովայա շրջանում կողաշրջվել է «Դոն» ավտոճանապարհին նոյեմբերի 3–ի լույս գիշերը։ «Կինգ Դելյուքս» ՍՊԸ-ին պատկանող ավտոբուսում եղել  է 63 մարդ: 

Վթարի հետևանքով զոհվել է 8 մարդ, իսկ 35 մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառվել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ավտոբուսի վարորդը 2 ամսով կալանավորվել է: -0-

 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

12:48 06.11.2015




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×