Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

Երևանի «Սպայկա» ընկերության շենքում բռնկված հրդեհի մարման ժամանակ երկու հրշեջ է տուժել

16.05.2013, 11:56
Երևանում «Սպայկա» ընկերության շենքում բռնկված հրդեհի մարման ժամանակ ԱԻՆ երկու աշխատակիցներ են տուժել, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանի ԱԻՆ Փրկարար ծառայության պետի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը։
Երևանի «Սպայկա» ընկերության շենքում բռնկված հրդեհի մարման ժամանակ երկու հրշեջ է տուժել
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /ԱՌԿԱ/.  Երևանում «Սպայկա» ընկերության շենքում բռնկված հրդեհի մարման ժամանակ ԱԻՆ երկու աշխատակիցներ են տուժել, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանի ԱԻՆ Փրկարար ծառայության պետի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը։

«Նրանցից մեկը ոտքի վնասվածք է ստացել, մյուսը` ծուխ է շնչել։ Երկուսի վիճակն էլ գնահատվում է բավարար»,– ասաց Գրիգորյանը։

Նա միաժամանակ նկատեց, որ դեռ պարզ չէ, թե հրդեհը երբ կմարվի, քանի որ շենքում բազմաթիվ հրդեհավտանգ դյուրավառ նյութեր կան։ Գրիգորյանի հետ զրույցի պահին կրակը նոր ուժով է բռնկվել։ Սակայն Փրկարար ծառայության պետի տեղակալի խոսքով` կրակը տեղայնացվել է, և հետագա տարածման վտանգ չկա։

Հաղորդագրության համաձայն, հրդեհը բռնկվել է նախօրեի երեկոյան։ Ընդհանուր առմամբ, հրշեջ աշխատանքներում ներգրավված է 17 մարտական հաշվարկ, երեք ավտոսանդուղք, գազածխապաշտպան օղակ, երկու փրկարարական ջոկատ, հատուկ նշանակության փրկարար աշխատանքների իրականացման կենտրոնի 110 հրշեջներ և փրկարարներ, արտակարգ իրավիճակների արձագանքման խումբ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «2-րդ», այնուհետև «3-րդ»  աստիճան:

Դեպքի մասին տեղյակ են պահվել «1-02», «1-03», էլ. ցանցի և ՃՈ-ի հերթապահները։

«Սպայկա» ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականին: «Սպայկան» Հայաստանի բեռնափոխադրող ընկերություններից մեկն է, որն իրականացնում է միջազգային ավտոբեռնափոխադրումներ Եվրոպա և ԱՊՀ երկրներ։ Ընկերությունն իր սեփական շարժակազմի ավտոմեքենաներով իրականացնում է բեռների տեղափոխում (արագ փչացող ապրանքից մինչև հատուկ նշանակության ոչ ստանդարտ բեռներ) «դռնից դուռ» սկզբունքով:-0-