Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+7

Հայաստանում չկա տնտեսական դիվանագիտություն. փորձագետ

28.02.2023, 11:37
Մարտիրոսյանն ընդգծեց, որ տնտեսական դիվանագիտության հիմքում պետք է դնել կլիմայական դիվանագիտությունը
Հայաստանում չկա տնտեսական դիվանագիտություն. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի./ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարության ծրագրում գրեթե ոչինչ չկա տնտեսական դիվանագիտության մասին, կարծում է «Avenue Consulting Group» կոնսալտինգային ընկերության հիմնադրիր Կարեն Մարտիրոսյանը։

«Մենք շատ ենք խոսում վերջերս ու անընդհատ հորդորում ենք կառավարությանը, տարբեր պետական մարմիններին, ԱԺ–ին, որ պետք է հավաքվել և որոշում կայացնել ստեղծելու տնտեսական դիվանագիտության ինստիտուցիոնալ շրջանակ, որը թույլ կտա համահունչ գործել արտաքին տնտեսական հարաբերություններում պետական և մասնավոր բոլոր մարմիններում», – ասաց Մարտիրոսյանը «ԱՌԿԱ» գործակալության YouTube–յան ալիքով հեռարձակվող “ARKA Business” հաղորդաշարի ընթացքում։

Նա հայտարարեց, որ հիմա նման բան չունենք, և տնտեսական դիվանագիտության մասին կառավարության ծրագրում մեկ–երկու տող կա։

«Եթե դրվագային նայենք, առանձին բաներ կան, բայց մի մարմին, որ ինքն աշխատի, բոլորը համակարգված աշխատեն...», – ասաց գործարարը։

Մարտիրոսյանը նշեց, որ դրական կողմերից մեկը կլինի այն, որ կձևավորվի ինստիտուցիոնալ հիշողություն, որը շատ կարևոր է երկարաժամկետ աճի համար և հնարավորություն կտա կապիտալացնել հետագա աճը։

«Դա հնարավորություն կտա արդյունավետ ծախսել ռեսուրսները։ Երբ պետական տարբեր մարմինները համահունչ են շարժվում իրենց գործողություններում, դա ռեսուրսների ավելի արդյունավետ ծախս է ենթադրում։ Բացի այդ, տնտեսական դիվանագիտությունն այն փափուկ գործիքն է, որը կարելի է կիրառել քաղաքական դիվանագիտության մեջ։ Եվ դրանց համադրության միջոցով դու կարող ես խնդիրներ լուծել», – ասաց նա։
Մարտիրոսյանն ընդգծեց, որ տնտեսական դիվանագիտության հիմքում պետք է դնել կլիմայական դիվանագիտությունը։

«Այսօր աշխարհում, բացի այն իրավիճակից, որն այսօր տիրում է աշխարհաքաղաքական միջավայրում, գլխավոր խնդիրը կլիմայի փոփոխությունն է։ Ու մենք, լինելով փոքր երկիր, ի վիճակի ենք մեզ դիրքավորել այնպես, որպեսզի ցույց տանք, որ մենք կարող ենք լինել առաջատար այդ հարցում», – ասաց Մարտիրոսյանը։

Նրա խոսքով, դա կօգնի ներգրավել կանաչ, տեխնոլոգիական, գիտատար ներդրումներ։

Հարցազրույցի ամբողջական տարբերակը կթողարկվի «ԱՌԿԱ» գործակալության YouTube–յանալիքում այսօր ժամը 21։00–ին։–0–