Рейтинг@Mail.ru
USD
382.12
EUR
443.79
RUB
4.7327
GEL
141.24
2025 թ. նոյեմբերի 15, շաբաթ
եղանակը
Երևանում
+7

Կիբերանվտանգությունը և ներդրումները․ Apricot Capital-ի գործադիր տնօրեն Վաչիկ Գևորգյանը՝ կիբերանվտանգության գլխավոր կանոնների մասին

13.10.2025, 16:56
Հոկտեմբերը նշվում է որպես կիբերանվտանգության մասին իրազեկվածության բարձրացմանը նվիրված ամիս։ Այս ամսվա շրջանակում «ԱՌԿԱ» գործակալությունը զրուցել է Apricot Capital-ի  գործադիր տնօրեն Վաչիկ Գևորգյանի հետ
Կիբերանվտանգությունը և ներդրումները․ Apricot Capital-ի գործադիր տնօրեն Վաչիկ Գևորգյանը՝ կիբերանվտանգության գլխավոր կանոնների մասին

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հոկտեմբերը նշվում է որպես կիբերանվտանգության մասին իրազեկվածության բարձրացմանը նվիրված ամիս։ Այս ամսվա շրջանակում «ԱՌԿԱ» գործակալությունը զրուցել է Apricot Capital-ի (Էփրիքոթ Կապիտալ ՓԲԸ) գործադիր տնօրեն Վաչիկ Գևորգյանի հետ՝ ներդրողների համար օգտակար կիբերանվտանգության կանոնների շուրջ։

Պարոն Գևորգյան, դուք ներդրումային ընկերության գործադիր տնօրեն եք, ինչո՞ւ է կիբերանվտանգության թեման նաև ակտուալ ներդրողների համար։

Թվային տեխնոլոգիաներն արագ զարգանում են և մտնում բոլոր ոլորտներ, այդ թվում՝ ներդրումների ոլորտ։ Ինչպես մեր ընկերությունը, այնպես էլ մեր շատ գործընկեր ներդրումային ընկերություններ, ներդրումային ծառայությունները մատուցում են տեխնոլոգիաների կիրառմամբ։ Անցել են ժամանակները, երբ ներդրողը գալիս էր իր բրոքերի գրասենյակ և ներկայացնում թղթային հայտ՝ արժեթղթեր գնելու կամ վաճառելու համար. հիմա արժեթղթերի առուվաճառքն իրականացվում է տեխնոլոգիաների կիրառմամբ՝ հավելվածով կամ վեբ պորտալի միջոցով։

Դա է պատճառը, որ և՛ մեզ, և՛ մեր հաճախորդների համար կարևոր է հետևել կիբերանվտանգության կանոններին։ Մենք՝ որպես լիցենզավորված ֆինանսական կազմակերպություն, մշտապես զարգացնում ենք մեր կիբերանվտանգության համակարգը, և այս տարի, անցնելով ավստրիական TÜV AUSTRIA կազմակերպության կողմից իրականացված անկախ աուդիտ, մեր ընկերությունն արժանացել է տեղեկատվական անվտանգության ոլորտի ամենահեղինակավոր ստանդարտներից մեկի՝ ISO/IEC 27001:2022 հավաստագրի։ Այս հավաստագիրը վկայում է, որ ՏՏ անվտանգության մեր ներքին քաղաքականությունները, ընթացակարգերը և վերահսկողական մեխանիզմները համապատասխանում են միջազգային ամենախիստ ստանդարտներին։ Սակայն այստեղ կարևոր է նաև ներդրողի զգոնությունն ու իրազեկվածությունը։

Դուք նշեցիք զգոնության մասին։ Որո՞նք են այն հիմնական կանոնները, որոնց ներդրողը պետք է հետևի իր հաշիվները պաշտպանելու համար։

Կարող եմ առանձնացնել երկու անվիճելի կանոններ։ Առաջինը՝ երկար և բարդ գաղտնաբառն է։ Ցավոք, շատերը դեռ օգտագործում են իրենց ծննդյան ամսաթվերը կամ պարզ անուններ։ Երկրորդը, և թերևս ամենակարևորը, երկփուլային նույնականացումն է, ինչը պաշտպանության լրացուցիչ շերտ է ստեղծում և բացի մուտքանունից ու գաղտնաբառից՝ ձեզնից պահանջում մուտքագրել Ձեր հեռախոսին ուղարկված կամ հատուկ ծրագրի միջոցով գեներացված մեկանգամյա օգտագործման կոդ։ Սրա շնորհիվ նույնիսկ եթե Ձեր գաղտնաբառը հայտնվի երրորդ անձանց մոտ, ապա առանց այդ մեկանգամյա օգտագործման կոդի Ձեր հաշիվ մուտք գործելն անհնար կլինի։

Այլ կարևոր քայլերից, որ կարող ենք կատարել, կնշեմ հավելվածների թարմացումը։ Մեր սարքերի և հավելվածների ծրագրային թարմացնումները հաճախ պարունակում են նաև անվտանգության կարևոր թարմացումներ։ Մեր Apricot Capital հավելվածի համար նույնպես պարբերաբար թողարկում ենք թարմացումներ, և կարևոր է, որ օգտատերերն ավտոմատ կամ ձեռքով թարմացնելու միջոցով իրենց մոտ նույնպես թարմացնեն այն։ Եվ, իհարկե, պետք է զգույշ լինել հանրային, անվճար Wi-Fi ցանցերից օգտվելիս, քանի որ դրանք հաճախ խոցելի են։

Ֆիշինգը և խարդախությունները մեծ խնդիր են։ Ինչպե՞ս կարող է ներդրողը պաշտպանվել դրանցից։

Այս տեսակի խարդախությունները հիմնված են մարդկային թուլության՝ ագահության և վախի վրա։ Առաջինը ֆիշինգն է։ Սա այն է, երբ ստանում ենք էլեկտրոնային նամակ կամ SMS հաղորդագրություններ, որոնք խնդրում են տրամադրել ձեր մուտքի տվյալները, մեկանգամյա օգտագործման կոդերը կամ դրդում են կատարել շտապ գործողություններ։ Այստեղ շատ կարևորէ չսեղմել կասկածելի հղումների վրա և միշտ ստուգել ուղարկողի էլեկտրոնային փոստի հասցեն կամ համարը։ Եթե կասկած ունեք, միշտ կապ հաստատեք ընկերության պաշտոնական կայքում նշված կոնտակտային տվյալներով։

Համացանցում հաճախ կարելի է հանդիպել ներդրումային առաջարկների։ Ինչպե՞ս խորհուրդ կտաք ֆիլտրել նման առաջարկները՝ կեղծը իրականից տրաբերակելու համար։

Իրոք, համացանցում շատ ենք հանդիպում «երաշխավորված» բարձր տոկոսներ խոստացող ֆինանսական ներդրումների առաջարկներ։ Այդ դեպքում միշտ խորհուրդ է տրվում ստուգել, թե արդյոք այդ ընկերությունը լիցենզավորված է ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) կողմից։ Հայաստանում ֆինանսական ներդրումների ծառայություններ կարող են տրամադրել ԿԲ կողմից լիցենզավորված բանկերը և մեր նման մասնագիտացված ներդրումային ընկերությունները։ Լիցենզավորված բանկերի և ներդրումային ընկերությունների ցանկերը հասանելի են ՀՀ ԿԲ կայքում։

Ընդհանրապես, եթե տեսնում ենք, որ խոստանում են բարձր տոկոսներ, որոնք «երաշխավորված» են, իսկ ներդրումը «ապահով» է, պետք է ինքներս մեզ հարցնենք՝ արդյո՞ք իրատեսական է նման «ապահով» ներդրումը։ Երբ խոսքը ներդրումների մասին է, ռիսկի և եկամտաբերության մեջ կա կապ։ Հիմնականում ապահով ներդրումների, օրինակ՝ պետական պարտատոմսերի եկամտաբերությունն ավելի ցածր է, քան ավելի բարձր ռիսկային գործքիների՝ բաժնետոմսերի, ֆյուչերսների, օպցիոնների և այլնի եկամտաբերությունը։ Ուստի համացանցում հանդիպող «ապահով» և «երաշխավորված բարձր տոկոսներով» ներդրումներ խոստացող առաջարկներ տեսնելիս պետք է զգոն լինել։ Եվ, իհարկե, ոչ մի դեպքում կասկածելի ընկերություններին չտրամադրել մեր անձնական տվյալները։ Այստեղ կարելի է հիշել այն ասացվածքը, որ եթե մի բան չափազանց լավն է թվում իրական լինելու համար, ապա, հավանաբար, այն իրական չէ։

«Էփրիքոթ Կապիտալը» վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

*Նյութում ներկայացված օրինակները կրում են միայն տեղեկատվական բնույթ: Դրանք չեն հանդիսանում ներդրումային խորհուրդ կամ որևէ կոնկրետ արժեթուղթ գնելու կամ վաճառելու առաջարկ: Տեքստում նշված նախկինում գրանցված կատարողականը չի երաշխավորում ապագայում նմանատիպ արդյունքներ: