Ազատ շուկա, բաց սահմաններ. ԿԲ փոխնախագահը՝ Հայաստանի քաղաքականության մասին
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Հայաստանի քաղաքականությունն է՝ ազատ շուկա, բաց սահմաններ և բաց գործարքներ բոլոր գործընկեր երկրների հետ , հայտարարել է Կենտրոնական բանկի փոխնախագահ Հովհաննես Խաչատրյանը։
«Մենք շատ ուրախ ենք այն հաջողությունների համար, որ տեսնում ենք հայկական ընկերությունների մոտ արտասահմանում, և շատ ուրախ ենք տեսնել ընկերությունների, որոնք մտնում են մեր շուկա՝ որպես մեր ֆինանսական կազմակերպությունների գործընկերներ»,– ասաց Խաչատրյանը՝ 4Future միջազգային համաժողովին իր ելույթի ժամանակ։
Նրա խոսքով՝ Հայաստանի քաղաքականությունը թափանցիկությունն ու տնտեսական բարգավաճումն են։
Ֆինանսական հատվածի կայունությունը
ԿԲ փոխնախագահի խոսքով` Հայաստանի ֆինանսական հատվածն արդեն ավելի քան երեք տասնամյակ ապացուցում է իր կայունությունը և այսօր ոչ միայն տնտեսությունը սպասարկող սեգմենտ է, այլև ինքնուրույն ոլորտ։
Խաչատրյանը նշեց նաև դրա արտահանման ուղղվածությունը՝ ֆինանսական հատվածն անվանելով երկրի տնտեսության կարևոր գործոններից մեկը։
Այն տնտեսության ամենակարևոր գործոններից մեկն է, որն այլևս միայն օգնական կամ սպասարկող չէ, այլ ինքնին ոլորտ է` ուղղված արտահանմանը»,- նշեց ԿԲ փոխնախագահը։
Տեխնոլոգիաներ և նորարարություններ
Խոսելով ֆինանսական տեխնոլոգիաների զարգացման մասին՝ Խաչատրյանը նշեց, որ տեխնոլոգիական հնարավորությունները ընդլայնվում են, նորամուծություններն ի հայտ են գալիս բարձր արագությամբ, սակայն տեխնոլոգիաները չպետք է ինքնանպատակ դառնան։
Նրա խոսքով՝ դրանց օգտագործման վերջնական նպատակը պետք է լինի ֆինանսական ծառայությունների արդյունավետության և անվտանգության բարձրացումը, գործառնությունների արագության մեծացումը և սպառողների համար ընդունելի գնագոյացումը։
ԿԲ փոխնախագահն ընդգծեց նաև վստահության կարևորությունը նոր տեխնոլոգիաների ներդրման գործում ինչպես ֆինանսական ծառայություններ մատուցողների, այնպես էլ այն ենթակառուցվածքների նկատմամբ, որոնց վրա դրանք հիմնված են։
Նա նշեց, որ ֆինանսական ենթակառուցվածքը այլևս չի սահմանափակվում ֆինանսական հատվածի ներսում փոխազդեցությամբ, և մեծ նշանակություն ունի դրա միջոցով պետական և մասնավոր ծառայությունների միացումը։
Խաչատրյանի խոսքով՝ նման էկոհամակարգում փոխադարձ վստահության բարձր մակարդակը կարևոր պայման է տեխնոլոգիաների ընդունման համար։