Рейтинг@Mail.ru
USD
362.82
EUR
409.7
RUB
4.3483
GEL
139.36
2026 թ. հոկտեմբերի 2, ուրբաթ
եղանակը
Երևանում
+12

Հայաստանը և Լատվիան ընդգծել են տնտեսության և էներգետիկայի ոլորտներում համագործակցության իրենց պատրաստակամությունը

08.09.2026, 11:39
Զրուցակիցները մտքեր են փոխանակել դինամիկ փոփոխվող տարածաշրջանային իրողությունների շուրջ
Հայաստանը և Լատվիան ընդգծել են տնտեսության և էներգետիկայի ոլորտներում համագործակցության իրենց պատրաստակամությունը

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Հայաստանը և Լատվիան ընդգծել են երկու երկրների կայուն զարգացման համար կարևոր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսություն, էներգետիկա, համագործակցության խթանման հարցում առկա մեծ պատրաստակամությունը։

Այդ մասին նշվել է սեպտեմբերի 7-ին Ռիգայում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի և Լատվիայի Հանրապետության Սաեյմայի նախագահ Դայգա Միերինյայի հանդիպմանը։

Ինչպես հայտնում են ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունից, զրուցակիցները գոհունակությամբ նշել են Հայաստանի և Լատվիայի միջև հարաբերությունների զարգացման աճող դինամիկան։

Հանդիպմանն ընդգծվել է նաև Հայաստանի և Լատվիայի խորհրդարաններում բարեկամության խմբերի միջև ակտիվ համագործակցության շարունակականության, ինչպես նաև Հայաստան-Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ (NB8) ձևաչափում փոխգործակցության հետևողական զարգացման հարցում խորհրդարանական հարթակի կարևորությունը։

Նախարար Միրզոյանը և Լատվիայի Սաեյմայի նախագահն անդրադարձ են կատարել նաև Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգին։ Ի թիվս այլ ուղղությունների, կարևորվել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման նպատակով առկա մեխանիզմների լավագույնս իրացումը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել դինամիկ փոփոխվող տարածաշրջանային իրողությունների շուրջ։

«Խաղաղության հաստատումը տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացման աննախադեպ հնարավորություններ է ստեղծել, և Հայաստանն առավելագույնս ջանքեր է գործադրում ենթակառուցվածքների ցանկի զարգացման և այդ հնարավորությունների արդյունավետ իրացման ուղղությամբ»,- նշել է Միրզոյանը։

Մտքեր են փոխանակվել խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման հարցերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել հումանիտար բնույթի հարցերի։