Рейтинг@Mail.ru
USD
362.82
EUR
409.7
RUB
4.3483
GEL
139.36
2026 թ. հոկտեմբերի 1, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+12

Հայաստանը վերացրել է երրորդ երկրներից ցեմենտի ներմուծման սահմանափակումը. կառավարությունը բացատրում է պատճառները

Այսօր, 17:23
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի կայացած նիստում որոշում է կայացրել վերացնել երրորդ երկրներից ցեմենտի ներմուծման նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակումը
Հայաստանը վերացրել է երրորդ երկրներից ցեմենտի ներմուծման սահմանափակումը. կառավարությունը բացատրում է պատճառները

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Հայաստանի կառավարությունը հինգշաբթի կայացած նիստում որոշում է կայացրել վերացնել երրորդ երկրներից ցեմենտի ներմուծման նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակումը, որը սահմանվել է կառավարության 2026 թվականի հունիսի 18-ի որոշմամբ։

Որոշման հիմնավորման համաձայն՝ սահմանափակումները ներդրվել էին ցեմենտի ներքին շուկայի կայունության ապահովման նպատակով և նախատեսում էին երրորդ երկրներից ցեմենտի ներմուծման նկատմամբ սահմանել ժամանակավոր սահմանափակումներ և ներմուծման լիցենզավորման կարգավորում, որի արդյունքում յուրաքանչյուր տոննայի համար գանձվում է 8000 դրամ պետական տուրք։

Ըստ հիմնավորման, գործող կարգավորման վերացման անհրաժեշտությունը կառավարությունում կապում են ցեմենտի ներքին շուկայում ձևավորված իրավիճակով։

Մասնավորապես, ներկայումս առկա են լոգիստիկ բարդություններ ցեմենտի ներկրման հետ, ինչն ավելացնում է բեռնափոխադրման արժեքները ու ժամկետները, և գործող կարգավորման կիրառման արդյունքում ևս ներքին շուկայում առաջարկի և պահանջարկի հարաբերակցության փոփոխությունը նպաստել է ցեմենտի իրացման մրցակցային անհավասար պայմանների ձևավորմանը։

Գործող կարգավորմամբ` ցեմենտի ներմուծումը հիմնականում իրականացվում է Իրանից։ Միաժամանակ, ներքին շուկայում առկա է ցեմենտի պահանջարկի ամբողջական բավարարման խնդիր, ինչի պայմաններում գործող սահմանափակումների պահպանումը սահմանափակում է այլ երկրներից ցեմենտի ներմուծման հնարավորությունները։

Ըստ հիմնավորման` սահմանափակումների վերացումը թույլ կտա ընդլայնել ներմուծման աշխարհագրությունը և անհրաժեշտության դեպքում մատակարարումներ իրականացնել, մասնավորապես, Վրաստանից։ Սպասվում է, որ դա նպաստելու է ներքին շուկայում ցեմենտի առաջարկի ավելացմանն ու պահանջարկի առավել լիարժեք բավարարմանը։

Նշվում է, որ երրորդ երկրներից ցեմենտի ներմուծման լիցենզավորման պահանջի վերացումից հետո ներմուծման լիցենզիայի տրամադրման համար պետական տուրքը չի գանձվելու, քանի որ ներմուծումը լիցենզավորման ենթակա չի լինելու։

Միաժամանակ, սահմանված պետական տուրքի համապատասխան դրույքաչափը կարող է կիրառվել հետագայում՝ ըստ անհրաժեշտության երրորդ երկրներից ցեմենտի ներմուծման նկատմամբ լիցենզավորման պահանջի և համապատասխան սահմանափակման կրկին սահմանման դեպքում։

Հայաստանի շուկայում ներկայացված են ցեմենտի երկու խոշոր ձեռնարկություններ՝ «Արարատցեմենտը» և Հրազդանի ցեմենտի գործարանը, ինչպես նաև կլինկերի աղացման մի քանի ձեռնարկություններ։