Փաշինյանը խոսել է ռուսական գազի գնի հնարավոր թանկացման մասին
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Հայկական կողմը դեռևս որևէ ազդակ չի ստացել Ռուսաստանից մատակարարվող բնական գազի գնի հնարավոր փոփոխության վերաբերյալ, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հինգշաբթի կայացած ճեպազրույցում պատասխանելով ռուսական գազի գնի հնարավոր փոփոխության և հայ սպառողների վրա դրա հնարավոր ազդեցությունը մեղմելու՝ կառավարության քայլերի մասին հարցին՝ Փաշինյանը նշել է, որ ներկայումս պատեհ չի համարում քննարկել այդ հարցը։
«Այս պահի դրությամբ որևէ նման ազդակ չունենք։ Այդ հարցի քննարկումը պատեհ չեմ համարում», - ասել է Փաշինյանը։
Նա նաև նշել է, որ կառավարությունը քննարկում է տարբեր սցենարներ, եթե իրավիճակը փոխվի։
«Մտածու՞մ ենք արդյոք, որ եթե այսպիսի իրավիճակ լինի, ինչպես ենք կառավարելու իրավիճակը։ Այո՛, մտածում ենք, որովհետև դա նորություն չէ։ Ես 2018 թ.-ից ամեն տարի այդ իրադրության հետ բախվում եմ, որովհետև անընդհատ այդ հարցերը հնչում են։ Մենք տարբեր սցենարներ ենք քնարկում՝ ոչ միայն դրա հետ կապված, ամեն ինչի հետ կապված։ Դա կառավարության դերն է, որպեսզի կարողանա հաշվարկել, ծանր ու թեթև անել», - հայտարարել է վարչապետը։
Գազի գնի մասին
Այսօրվա դրությամբ Հայաստանի համար սահմանին ռուսական գազի գինը կազմում է 165 ԱՄՆ դոլար՝ 1 հազար խորանարդ մետրի դիմաց։ Այս գինը գործում է 2019 թ.-ի հունվարի 1-ից և, համաձայն գործող հայ-ռուսական համաձայնագրերի, չպետք է փոխվի մինչև 2031 թ.-ի վերջը։
Ռուսական գազի հնարավոր վերանայման հարցը պարբերաբար բարձրացվում է հայ-ռուսական հարաբերությունների և էներգառեսուրսների մատակարարման պայմանների քննարկման ֆոնին:
2026 թվականի հունիսին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել էր, որ ռուսական գազի մատակարարումներն իրականացվում են բնականոն ռեժիմով, իսկ գնի վերանայման մասին պաշտոնական ծանուցումներ հայկական կողմը չի ստացել: Նրա խոսքով՝ գործող գինն ամրագրված է համապատասխան համաձայնագրերով մինչև 2026 թվականի վերջից մինչև 2027 թվականի սկիզբ:
Ավելի վաղ հայկական ԶԼՄ-ներում հայտնվել էին նաև հրապարակումներ Հայաստանի համար ռուսական գազի գնի հնարավոր թանկացման կամ 2026 թվականի նոյեմբերի 1-ից մատակարարումների դադարեցման մասին, սակայն այդ տեղեկատվությանները պաշտոնապես չեն հաստատվել։
Ներկայումս Հայաստանի կենցաղային սպառողների մեծ մասի համար բնական գազի բազային սակագինը կազմում է 143,7 դրամ՝ մեկ խորանարդ մետրի դիմաց (ԱԱՀ-ով):