ՀԾԿՀ-ն սահմանել է նոր պահանջներ՝ էներգահամակարգում հզորության գործակցի հրապարակման վերաբերյալ
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) սահմանել է նոր պահանջներ՝ էլեկտրաէներգետիկական համակարգում էլեկտրաէներգիայի հզորության գործակցի հրապարակման վերաբերյալ, հայտնում է ՀԾԿՀ մամուլի ծառայությունը։
ՀԾԿՀ-ի ընդունած որոշման համաձայն՝ «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ն մինչև 2026 թվականի դեկտեմբերի 1-ը պարտավոր է իր պաշտոնական վեբ կայքում հրապարակել տեղեկատվություն՝ սահմանված հզորության գործակցի թույլատրելի տիրույթների վերաբերյալ։
Պահանջները վերաբերում են էլեկտրաէներգետիկական համակարգի սահմանազատման կետերին, որոնցում բաշխողը և որակավորված սպառողները պետք է ապահովեն իրենց տնօրինության ներքո գտնվող էլեկտրաէներգետիկական համակարգի համապատասխան աշխատանքը՝ սահմանված թույլատրելի տիրույթների պահպանմամբ։
ՀԾԿՀ-ի տեղեկացմամբ, նոր կարգավորմամբ նախատեսվում է նպաստել էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալի և արդյունավետ աշխատանքին, ինչպես նաև հստակեցնել էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի և էլեկտրաէներգետիկական շուկայում լիցենզավորված գործունեություն իրականացնող անձանց միջև փոխհարաբերությունները։