Рейтинг@Mail.ru
USD
362.82
EUR
409.7
RUB
4.3483
GEL
139.36
2026 թ. հոկտեմբերի 1, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+12

ԱԳՆ նախկին շենքը կվերածվի բազմաֆունկցիոնալ համալիրի․ ներդրումները կազմում են ավելի քան 150 մլն դոլար (ՖՈՏՈ)

Այսօր, 16:32
Հավանության է արժանացել Հանրապետության հրապարակում գտնվող ԱԳՆ նախկին շենքի պահպանության և հարմարեցված օգտագործման հայեցակարգը․ ՖՈՏՈ
ԱԳՆ նախկին շենքը կվերածվի բազմաֆունկցիոնալ համալիրի․ ներդրումները կազմում են ավելի քան 150 մլն դոլար (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հանրապետության հրապարակում գտնվող ԱԳՆ նախկին շենքի պահպանության և հարմարեցված օգտագործման հայեցակարգը հավանության է արժանացել, հայտնում է «Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։

«Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Երևանի Հանրապետության հրապարակում գտնվող «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությանը պատկանող Արտաքին գործերի նախարարության նախկին շենքի վերակառուցման հայեցակարգը ս.թ. սեպտեմբերի 30-ին միաձայն հավանության է արժանացել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից գործող գիտամեթոդական խորհրդի կողմից», –նշվում է հաղորդագրության մեջ։ 

Ընկերությունից նշում են, որ գայեցակարգը մշակվել է աշխարհահռչակ լոնդոնյան ճարտարապետական և դիզայներական «Foster + Partners» ընկերության, ինչպես նաև պատմական շենքերի վերականգնման ոլորտում մեծ փորձառություն ունեցող հայկական «Quadrum Architectural Office» ճարտարապետական գրասենյակի հետ համագործակցությամբ։ 

бывший МИД

«Նախագիծը նախատեսում է գոյություն ունեցող շենքի վերափոխումը բազմաֆունկցիոնալ համալիրի, որը կներառի հյուրանոցային, բնակելի, գրասենյակային և առևտրային տարածքներ, ինչպես նաև նոր հանրային տարածքներ», – նշվում է հաղորդագրության մեջ։ 

Հաստատմանը նախորդել է շուրջ 18 ամիս տևած սերտ համագործակցություն ճարտարապետական թիմերի և ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից գործող գիտամեթոդական խորհրդի միջև։ 

Այդ ընթացքում հայեցակարգը շարունակաբար կատարելագործվել է կառուցողական երկխոսության արդյունքում՝ հաշվի առնելով Խորհրդի առաջարկություններն ու դիտարկումները։ 

Ընկերությունից նշում են, որ առանձնահատուկ ուշադրություն է հատկացվել շենքի ճարտարապետական և պատմական արժեքի, ինչպես նաև նրա առանձնահատուկ ժառանգական տարրերի պահպանման անհրաժեշտությանը։ 

Հայեցակարգի հաստատմամբ նախագիծն անցնում է զարգացման հաջորդ փուլ։ 

«Մեր նպատակն է նոր շունչ հաղորդել այս կարևոր նշանակության շինությանը՝ պահպանելով վերջինիս պատմական ինքնությունն ու Հանրապետության հրապարակի հետ ունեցած անմիջական կապը՝ միաժամանակ ստեղծելով ժամանակակից և կենսունակ միջավայր բնակիչների և այցելուների համար», - նշել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանը: 

Ընդհանուր ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ավելի քան 150,000,000 ԱՄՆ դոլարի ներդրում։ 

Բարձրորակ ճարտարապետական լուծումների և քաղաքի առավել նշանակալի շենքերից մեկի վերափոխման միջոցով նախագիծը նպատակ ունի դառնալ Երևանի նոր գրավչություններից մեկը և նպաստել քաղաքի՝ որպես միջազգային մշակութային և զբոսաշրջային ուղղության աճող դիրքի ամրապնդմանը։