Հայաստանն ու ԱՄԷ-ն քննարկում են հայկական արտադրանքի մուտքը Դուբայի խոշոր առևտրային ցանցերի շուկաներ
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Դուբայում «LuLu Group International» և «Bluemart» առևտրային խոշորագույն ցանցի ղեկավարության հետ քննարկվել է իրենց խանութներում հայկական արտադրանքի ներկայացվածության հնարավորությունները։
Ինչպես հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից, «Bluemart»–ի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ցանցի հետ համագործակցության, ինչպես նաև առևտրային ցանցի հիպերմարկետներում հայկական արտադրանքի ներկայացվածության հնարավորությունները։
«LuLu Group International» ղեկավարների հետ ահնդիպմանը նույնպես քննարկվել են ընկերության հիպերմարկետներում և սուպերմարկետներում հայկական արտադրանքի ներկայացվածությունն ապահովելու հնարավորությունները։
Ավելին, պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը և Հայաստանում կազմակերպել B2B ձևաչափով հանդիպում՝ «LuLu Group International»-ի ներկայացուցիչներին հայկական արտադրողներին և նրանց արտադրանքին տեղում ծանոթացնելու նպատակով։
Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը ԱՄԷ-ի հետ 2026 թվականի 7 ամիսներին կազմել է 356,5 մլն դոլար՝ 2025 թվականի 7 ամիսների համեմատ նվազելով 72,1%-ով։ Ընդ որում, արտահանումը կրճատվել է 73,7%-ով՝ հասնելով 325,4 մլն դոլարի, իսկ ներմուծումը, ըստ ծագման երկրի, կազմել է 31,2 մլն դոլար (անկումը՝ 29,4%)։
Ընկերությունների մասին
«Bluemart»-ը Մերձավոր Արևելքում ստեղծված առաջատար հիպերմարկետների և սուպերմարկետների ցանց է, որն առաջարկում է բարձրորակ ապրանքներ՝ աշխարհի տարբեր երկրներից։Այն նաև զարգացնում է առցանց վաճառքը։
«LuLu Group International»-ը գործում է աշխարհի 22 երկրում՝ կառավարելով ավելի քան 280 հիպերմարկետ և սուպերմարկետ։ Ցանցի հիմնական ներկայությունը Մերձավոր Արևելքի և Ասիայի երկրներում է։
«LuLu Group International»-ը կառավարում է նաև «LuLu Hypermarket» ցանցը, որն առաջատար դիրք է զբաղեցնում մի շարք երկրների շուկաներում։