Рейтинг@Mail.ru
USD
363.7
EUR
422.76
RUB
4.2027
GEL
139.16
2026 թ. սեպտեմբերի 8, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+18

ՀՀ ներմուծվող և ՌԴ արտահանվող մի շարք ապրանքախմբերի համար գործում է դրոշմավորման փոխճանաչելիության հատուկ կարգ․ ՊԵԿ–ը հիշեցնում է (ՎԻԴԵՈ)

Այսօր, 21:16
Նոււյնականացման միջոցներով ապրանքների թվային դրոշմավորման համակարգի շրջանակում, ՌԴ-ից ՀՀ տարածք ներմուծվող մի շարք ապրանքախմբերի դեպքում Հայաստանի տարածքում լրացուցիչ դրոշմավորման անհրաժեշտություն չկա
ՀՀ ներմուծվող և ՌԴ արտահանվող մի շարք ապրանքախմբերի համար գործում է դրոշմավորման փոխճանաչելիության հատուկ կարգ․ ՊԵԿ–ը հիշեցնում է (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և ՀՀ-ից ՌԴ արտահանվող մի շարք ապրանքախմբերի համար գործում է դրոշմավորման փոխճանաչելիության հատուկ կարգ, հաղորդում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։

Մասնավորապես, նույնականացման միջոցներով ապրանքների թվային դրոշմավորման համակարգի շրջանակում, ՌԴ-ից ՀՀ տարածք ներմուծվող մի շարք ապրանքախմբերի դեպքում Հայաստանի տարածքում լրացուցիչ դրոշմավորման անհրաժեշտություն չկա։

Արտահանման դեպքում նույնպես, եթե ապրանքը դրոշմավորված է Հայաստանում դրոշմավորման ներդրման ազգային օպերատոր «Ի-Մարկ» ՍՊԸ-ի՝ Ապրանքների դրոշմավորման ավտոմատացված տեղեկատվական համակարգի (ԱԴԱՏՀ) կողմից տրամադրված ծածկագրերով, ապա ՌԴ արտահանելիս կրկնակի դրոշմավորում իրականացնելու անհրաժեշտություն չի առաջանում։

ՊԵԿ–ից նշում են, որ ներկայում փոխճանաչելիությունն արդեն գործում է հետևյալ ապրանքախմբերի համար․

  • կաթնամթերք,
  • հյութամթերք և ոչ ալկոհոլային ըմպելիքներ,
  • ծովամթերք,
  • պահածոյացված մթերք,
  • կենդանիներին կերակրելու համար օգտագործվող մթերք,
  • փաթեթավորված ջուր,
  • մակարոնեղեն, այլ պատրաստի մթերք և քացախ,
  • կենդանական և բուսական ճարպեր ու յուղեր,
  • քսայուղեր և տեխնիկական հեղուկներ։

ՊԵԿ–ից հիշեցնում են, որ ներմուծված ապրանքների՝ ՀՀ տարածքում օրինական շրջանառությունն ապահովելու նպատակով ներմուծող սուբյեկտը պարտավոր է «ԱԴԱՏ» համակարգում ընդունել արտահանող կողմից ուղարկված համապատասխան փաստաթուղթը, որը պարունակում է տվյալ ապրանքների դրոշմավորման ծածկագրերը։

Փոխճանաչելիության շրջանակում ՀՀ-ից ապրանքների արտահանումն իրականացնելու նպատակով արտահանող սուբյեկտը պարտավոր է «ԱԴԱՏ» համակարգում ստեղծել արտահանման համապատասխան փաստաթուղթ՝ կցելով նույնականացման միջոցներով դրոշմավորված արտահանվող ապրանքների ծածկագրերը։

Փոխճանաչելիության կիրառման արդյունքում բիզնեսի համար ստեղծվում են առավել նպաստավոր պայմաններ՝ ժամանակի խնայողությունից, ապրանքաշրջանառության երկկողմանի թափանցիկությունից մինչև ներմուծման ու արտահանման գործընթացների պարզեցում։

ՊԵԿ–ից նաև հիշեցնում են, որ թվային դրոշմավորումը DataMatrix հատուկ ծածկագրի տեղադրումն է դրոշմավորման ենթակա ապրանքի վրա՝ ներմուծող կամ արտադրող ընկերության կողմից։ Ապրանքների թվային դրոշմավորում իրականացնելու համար ներմուծող կամ արտադրող կազմակերպությունը պետք է գրանցվի ազգային օպերատորի՝ «ԱԴԱՏ» համակարգում, ստանա համապատասխան DataMatrix ծածկագրերը և դրանք փակցնի կամ տպագրի ապրանքի վրա՝ մինչև դրա իրացումը կամ վաճառքը։