Рейтинг@Mail.ru
USD
364.19
EUR
422.53
RUB
4.1972
GEL
139.2
2026 թ. սեպտեմբերի 3, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+30

ՀԱԳՄ նախագահը մտավախություն չունի, որ թուրքական բիզնեսը դուրս կմղի հայկականին Հայաստանի շուկայից

Այսօր, 15:42
Հայկական բիզնեսը կայացել է, ունի համապատասխան ենթակառուցվածք և պատրաստ է մրցակցության, հայտարարել է Ղազարյանը
ՀԱԳՄ նախագահը  մտավախություն չունի, որ թուրքական բիզնեսը դուրս կմղի հայկականին Հայաստանի շուկայից

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության (ՀԱԳՄ) նախագահ Արսեն Ղազարյանը տեղական բիզնեսի համար սպառնալիք չի տեսնում հայկական շուկա թուրքական ընկերությունների և ներդրողների մուտք գործելու դեպքում:

«Այսօր ես այդ հարցում մտավախություն չունեմ: Մեր բիզնեսը կայացել է, մենք ունենք համապատասխան ենթակառուցվածք և պատրաստ ենք մրցակցության», - ասել է Ղազարյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին Երևանում ընթացող հայ-թուրքական գործարար համաժողովի շրջանակում:

Նրա խոսքով՝ հայկական մասնավոր հատվածն այս ընթացքում հասել է այնպիսի մակարդակի, որը թույլ է տալիս նրան թուրքական ընկերությունների հետ մրցել հավասարը հավասարի պայմաններում:

«Մենք կկարողանանք դիմանալ այդ ալիքին, որովհետև մեզ մոտ արդեն ձևավորվել են մասնավոր հատվածը և ձեռնարկատիրական միջավայրը», - հայտարարել է ՀԱԳՄ նախագահը:

Ղազարյանը նաև զուգահեռ է անցկացրել Վրաստանի հետ՝ նշելով, որ վրացական շուկա թուրքական բիզնեսի ակտիվ մուտքի պահին տեղի մասնավոր հատվածը, նրա գնահատմամբ, պատրաստ չէր նման մրցակցության:

«Վրաստանն այն ժամանակ դրան պատրաստ չէր: Եվ նույնիսկ հիմա, իմ կարծիքով, այն զիջում է մեզ բիզնեսի կազմակերպվածության, ակտիվության և ագրեսիվության տեսանկյունից», - ասել է նա: