Հայաստանի համար «Ռուսական երկաթուղիների» «տոքսիկ լինելու» մասին Փաշինյանի խոսքերը կտրված են իրականությունից․ ՌԴ փոխվարչապետ
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ««Ռուսական երկաթուղիները» «տոքսիկ են Հայաստանի համար», սակայն դա իրականության հետ որևէ առնչություն չունի: Այս մասին նշել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
«Նիկոլ Վովաևիչը մեզ ասում է, թե իբր «Ռուսական երկաթուղիներ»-ը պատժամիջոցային ինչ-որ պատճառներով թունավոր են Հայաստանի համար, սակայն «Ռուսական երկաթուղիներ»-ն իրականացնում են բեռների մատակարարումներ ռուսական տարածքով՝ տարանցիկ բեռներ, ասենք, Եվրոպա, և (ոչ ոք) «Ռուսական երկաթուղիներ»-ի նկատմամբ որևէ տոքսիկության կամ պատժամիջոցների վերաբերյալ հարցեր չի բարձրացնում, բացի Փաշինյանից»,- նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
Հարավկովկասյան երկաթուղու հարցում Հայաստանի ծրագրերի մասին
Հայաստանի երկաթուղային ցանցը 2008 թվականից գտնվում է «Ռուսական երկաթուղիներ»-ի դուստր ընկերության՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարման ներքո:
2026 թվականի փետրվարին վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր բացառել երկաթուղու կառավարման իրավունքը մեկ այլ՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի համար բարեկամ երկրին, մասնավորապես Ղազախստանին, ԱՄԷ-ին կամ Կատարին փոխանցելու հնարավորությունը:
Հուլիսի 30-ին Փաշինյանը հնարավոր է համարել ՀԿԵ-ի կոնցեսիայի համատեքստում Ռուսաստանին շուրջ 2 մլրդ դոլարի չափով ֆինանսական պահանջներ ներկայացնելը՝ միաժամանակ նշելով, որ Երևանը ակնկալում է հարցը կարգավորել երկխոսության միջոցով:
Նույն օրը «Ռուսական երկաթուղիներ»-ի ղեկավար Օլեգ Բելոզյորովը հայտարարել է, որ ռուսական կողմը մտադիր է հետևել կոնցեսիոն համաձայնագրի պայմաններին և դրա դադարեցման կամ փոփոխման դեպքում ակնկալում է կատարված ներդրումների վերադարձ: Ռուսական կողմի գնահատմամբ՝ կոնցեսիայի գործողության սկզբից ի վեր Հայաստանի երկաթուղային համակարգում ներդրվել է ավելի քան 30 մլրդ ռուբլի: