Рейтинг@Mail.ru
USD
364.47
EUR
422.71
RUB
4.214
GEL
139.38
2026 թ. օգոստոսի 31, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+22

Ամուլսարի նախագծում արդեն ներդրվել է ավելի քան 750 մլն դոլար, իսկ համայնքներում ապագա ներդրումները կգերազանցեն 100 մլն դոլարը. նախարար

Այսօր, 18:03
Նախարարի խոսքով՝ հանքը կսկսի աշխատել սեպտեմբերից, այդ ժամանակ էլ նախատեսվում է արտադրել առաջին ոսկե ձուլակտորը
Ամուլսարի նախագծում արդեն ներդրվել է ավելի քան 750 մլն դոլար, իսկ համայնքներում ապագա ներդրումները կգերազանցեն 100 մլն դոլարը. նախարար

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի․/ԱՌԿԱ/. Ամուլսարի ոսկու հանքի նախագծում պետությունն ու մասնավոր հատվածն արդեն ներդրել են ավելի քան 750 միլիոն դոլար, իսկ երկարաժամկետ հեռանկարում «Լիդիան Արմենիա» ընկերությունն ավելի քան 100 միլիոն դոլար կուղղի համայնքների զարգացմանը։

Այս մասին հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Միրզոյանը Պապոյանը Համայնքային զարգացման համաձայնագրի ստորագրման արարողության ժամանակ, հայտնում է «Արմենպրես»-ը։

Ինչպես հայտնում է Էկոնոմիկայի նախարարությունը, համաձայնագիրը ստորագրվել է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի, ՀՀ կառավարության՝ ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարության, և Ջերմուկ, Վայք ու Սիսիան համայնքների միջև։

«Խոսքը երկարաժամկետ կտրվածքով ավելի քան 100 միլիոն դոլարի մասին է, որը «Լիդիան Արմենիա» ընկերությունը տալու է ազդակիր համայնքներին՝ յուրահանչյուր տարի հատկացնելով 9 միլիոն դոլար», - նշեց Պապոյանը։

Նախարարի խոսքով՝ հանքը կսկսի աշխատել սեպտեմբերից, այդ ժամանակ էլ նախատեսվում է արտադրել առաջին ոսկե ձուլակտորը։

Պապոյանը հայտնեց, որ նախագծից տարեկան հարկային եկամուտները, ըստ գնահատականների, կգերազանցեն 100 միլիոն դոլարը։ Բացի այդ, պետությունը տնօրինում է «Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի 12.5%-ին և կստանա շահույթի համապատասխան բաժինը։

Նախարարի տեղեկացմամբ՝ համաֆինանսավորվող սուբվենցիաները կտրամադրվեն, օրինակ, ճանապարհների ու ջրագծերի կառուցմանը։ Սուբվենցիոն օժանդակությամբ իրականացնելու դեպքում գումարները կարող են կկրկնապատկվել։

«Լիդիան Արմենիա» ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն Հայկ Ալոյանն իր հերթին նշեց, որ ստորագրված փաստաթուղթն ունի իրավաբանական ուժ և ուժի մեջ կմնա մինչև հանքի շահագործման ավարտը։

Տարեկան մինչև 9 միլիոն դոլար՝ համայնքային զարգացման համար

Համաձայնագրով «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն պարտավորվել է Ամուլսարի հանքավայրի շինարարության և արտադրության յուրաքանչյուր 12-ամսյա ժամանակահատվածի համար համայնքների զարգացման նպատակով տրամադրել 7 մլն ԱՄՆ դոլար։

Ընդ որում, եթե արտադրության փուլում ոսկու մեկ ունցիայի միջին գինը գերազանցի 3,550 ԱՄՆ դոլարը, ընկերության տարեկան հատկացումը կկազմի 9 մլն ԱՄՆ դոլար։ Առաջին 18 ամիսների ընթացքում՝ 2025 թվականի հուլիսի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը, նախատեսվում է հատկացնել 10,5 միլիոն դոլարին համարժեք ՀՀ դրամ։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից, Ամուլսարի ոսկու հանքավայրի նախագծի ժամկետը նախատեսված է մինչև 2039 թվականը։

Գումարները ուղղակիորեն չեն փոխանցվելու համայնքային բյուջեներ, այլև տրամադրվելու են ընկերության կողմից հիմնադրված Ամուլսարի համայնքային զարգացման հիմնադրամին։

Համայնքները՝ֆինանսավորման ենթակա ծրագրերը ներկայացնելու են Հիմնադրամին, և ծրագրերի հաստատման դեպքում Հիմնադրամը տրամադրելու է համապատասխան ֆինանսավորումը։ Այն կազմված է լինելու Լիդիան Արմենիայի չորս և Ջերմուկ,Վայք ու Սիսիան համայնքների մեկական ներկայացուցիչներից։

Տարեկան ներդրման 70%-ը բաշխվելու է Ջերմուկ, Վայք և Սիսիան խոշորացված համայնքների միջև՝ Համաձայնագրով սահմանված բանաձևի համաձայն։ Բանաձևը հիմնվում է մի շարք գործոնների վրա, այդ թվում՝ ազդակիր Ջերմուկ, Կեչուտ, Գնդեվազ, Սարավան և Գորայք բնակավայրերի բնակչության թվի, Ամուլսարի ծրագրի կողմից օգտագործվող հողատարածքների մակերեսի և հանքի ենթակառուցվածքներին բնակավայրերի մոտ գտնվելու։

Միաժամանակ, յուրաքանչյուր ազդակիր բնակավայր պարտադիր ստանալու է համապատասխան խոշորացված համայնքի համար նախատեսված գումարի առնվազն 20%-ը։

Տարեկան ներդրման մնացած 30%-ը մրցակցային հիմունքներով ուղղվելու է համայնքային զարգացման ծրագրերի ֆինանսավորմանը, որոնք ունեն համայնքային կայուն զարգացման առավել մեծ ազդեցություն և կարող են երկարաժամկետ ու չափելի արդյունք ապահովել ավելի մեծ թվով բնակիչների համար։

Համաձայնագրով սահմանվել են նաև ֆինանսական միջոցների օգտագործման նկատմամբ վերահսկողության, հաշվետվողականության և աուդիտի հստակ ընթացակարգեր։

Նախարարությունից հայտնում են, որ փաստաթուղթը ստորագրել են Էկոնոիմայի նախարար Գևորգ Պապոյանը, «Լիդիան Արմենիա» ՓԲԸ գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը, Վայքի համայնքապետ Մխիթար Մաթևոսյանը, Սիսիանի համայնքապետ Հովսեփ Առաքելյանը և Ջերմուկի համայնքապետ Մանան Գևորգյանը։

Ստորագրման արարողությանը ներկա են եղել «Լիդիան Արմենիայում» կառավարության ներկայացուցիչ Գնել Սանոսյանը, Վայոց Ձորի մարզպետ Վահագն Արսենյանը և Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

Ամուլսարի հանքավայրի մասին

Ամուլսարի ոսկու հանքավայրը մաքուր ոսկու պաշարներով Հայաստանում երկրորդն է, որը գտնվում է երկրի հարավ-արևելքում՝ Ջերմուկ առողջարանային քաղաքից 13 կմ հեռավորության վրա, Արփա և Որոտան գետերի միջև։ 2025 թվականի հոկտեմբերի տվյալներով՝ հանքավայրի հաստատված պաշարները կազմում են 73 տոննա ոսկի և 294 տոննա արծաթ։

«Լիդիան Արմենիան» (հիմնադրվել է 2005 թվականին, ամերիկյան Orion Mine Finance-ին և կանադական Osisko Gold Royalties-ին պատկանող Lydian Canada Ventures-ի 100% դուստր ձեռնարկությունն է) վերջին տարիներին չի կարողանում լիարժեք շահագործել Ամուլսարի հանքը՝ հանքավայրին հարող շրջանների բնակիչների և բնապահպանների բողոքների պատճառով։

Նրանք մտահոգված են, որ հանքի շահագործումը կարող է հանգեցնել Ջերմուկի ստորգետնյա ջրերի և Սևանա լճի աղտոտմանը՝ առաջացնելով բնապահպանական աղետ: 2018-2019 թվականներին, այնուհետև նաև 2020 թվականին այնտեղ պարբերաբար անցկացվել են բողոքի ակցիաներ՝ աշխատանքները դադարեցնելու պահանջով։

2021 թվականի օգոստոսին Հայաստանի քննչական կոմիտեն ներկայացրեց «Earth link & Advanced Resources Development» (ELARD) ընկերության վերջնական փորձագիտական ​​եզրակացությունը՝ 2018 թվականի հուլիսի 20-ին հարուցված քրեական գործի շրջանակում։ Ըստ ՔԿ-ի՝ հանքի շահագործումից բնապահպանական սպառնալիքներ չկան, իսկ հնարավոր ռիսկերը հնարավոր է վերահսկել համապատասխան միջոցներ ձեռնարկելու դեպքում։

2024 թվականի դեկտեմբերին «Լիդիան Արմենիան» անհատույց Հայաստանի կառավարությանը հանձնեց իր բաժնետոմսերի 12,5%-ը։