Рейтинг@Mail.ru
USD
364.56
EUR
425.15
RUB
4.3097
GEL
139.14
2026 թ. օգոստոսի 26, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+30

AGE S.A.-ն հայտարարում է Վրաստանում Terabank-ը և The BiltmoreTbilisi հյուրանոցը ձեռք բերելու վերաբերյալ համաձայնագրի մասին

Այսօր, 19:06
AGE S.A.-ն հայտարարում է, որ Dhabi Group-ի հետ կնքել է պարտավորեցնող համաձայնագիր՝ Վրաստանում «Terabank» ԲԲԸ-ն և «The Biltmore Tbilisi» հյուրանոցը ձեռք բերելու վերաբերյալ
AGE S.A.-ն հայտարարում է Վրաստանում Terabank-ը և The BiltmoreTbilisi հյուրանոցը ձեռք բերելու վերաբերյալ համաձայնագրի մասին

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի․ /ԱՌԿԱ/․ AGE S.A.-ն հայտարարում է, որ Dhabi Group-ի հետ կնքել է պարտավորեցնող համաձայնագիր՝ Վրաստանում «Terabank» ԲԲԸ-ն և «The Biltmore Tbilisi» հյուրանոցը ձեռք բերելու վերաբերյալ։

AGE S.A.-ն Լյուքսեմբուրգում հիմնված հոլդինգային ընկերություն է, որը գործում է «Արինս Գրուպ» ՍՊԸ-ի էկոհամակարգում։ «Արինս Գրուպ» ՍՊԸ-ն Հայաստանի Հանրապետությունում գլխամասային գրասենյակ ունեցող առաջատար ֆինանսական հոլդինգային ընկերություն է, որի դուստր ընկերությունները մատուցում են բանկային, ապահովագրական և այլ ֆինանսական ծառայություններ։

Այս գործարքը համապատասխանում է AGE S.A.-ի` («Արինս Գրուպ»-ի հետ համատեղ) Եվրոպայում, ինչպես նաև միջազգային մակարդակով իր ներկայությունն ընդլայնելու, ծառայությունների առաջարկներն ամրապնդելու և հիմնական շուկաներում տնտեսական կապերը խորացնելու նպատակին։

Վրաստանն ընտրվել է որպես տարածաշրջանային ընդլայնման նախընտրելի շուկա՝ հաշվի առնելով երկրի տնտեսական աճի կայուն դինամիկան, կայացած և հավասարակշռված մակրոտնտեսական քաղաքականության շրջանակը, ինչպես նաև ֆինանսական ոլորտի վերահսկողության ամուր համակարգը։ Խմբի համար տրամաբանական հաջորդ քայլն է ընդլայնումը սկսել հարևան Վրաստանից:

Ակնկալվում է, որ «Terabank» ԲԲԸ-ի ձեռքբերումը զգալի հնարավորություններ կստեղծի Վրաստանի փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) հատվածում բանկի դիրքերն ամրապնդելու, կորպորատիվ բանկային ծառայություններն ընդլայնելու և երկրում մասշտաբավորվող մանրածախ բանկային բիզնես ստեղծելու համար։

«The Biltmore Tbilisi» հյուրանոցը (5 աստղ)՝ Թբիլիսիի խորհրդանշական շենքերից մեկը, հանդիսանում է Վրաստանի հյուրընկալության և զբոսաշրջության ոլորտում ռազմավարական ներդրում։ Այն արտացոլում է AGE S.A.-ի երկարաժամկետ հանձնառությունը Վրաստանի տնտեսական զարգացմանը։

Գործարքը ենթակա է կարգավորող մարմինների կողմից անհրաժեշտ հաստատումների։

Արինս Գրուպի մասին

«Արինս Գրուպ» ՍՊԸ-ն առաջատար ֆինանսական հոլդինգային ընկերություն է, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Հայաստանում։ Վերջինիս դուստր կազմակերպությունները տրամադրում են բանկային, ապահովագրական և ֆինանսական ծառայություններ Հայաստանի դինամիկ զարգացող շուկայում։ Խումբը գործում է իր հիմնական ընկերությունների՝ «Արդշինբանկ» ԲԲԸ-ի, «Արմենիա Ինշուրանս» ՍՊԸ-ի և «Արինս Կապիտալ» ֆոնդի միջոցով՝ առաջարկելով հաճախորդամետ և համապարփակ ֆինանսական լուծումներ:

AGE S.A.-ի մասին

AGE S.A.-ը՝ Լյուքսեմբուրգում հիմնված հոլդինգային ընկերություն է, որը գործում է «Արինս Գրուպ» ՍՊԸ-ի էկոհամակարգում։ «Արինս Գրուպ»-ն իր հիմնական ընկերությունների՝ «Արդշինբանկ» ԲԲԸ-ի, «Արմենիա Ինշուրանս» ՍՊԸ-ի և «Արինս Կապիտալ» ֆոնդի միջոցով մատուցում է բանկային, ապահովագրական և այլ ֆինանսական համապարփակ հաճախորդակենտրոն ծառայություններ։

2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ «Arins Group»-ի զուտ ակտիվները կազմում են 1.635 մլրդ ԱՄՆ դոլար։

Խմբի հիմնական ընկերությունը՝ «Արդշինբանկ»-ը (2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ՝ 7.792 մլրդ ԱՄՆ դոլարի ակտիվներով և 1.072 մլրդ ԱՄՆ դոլարի սեփական կապիտալով), Հայաստանի առաջատար բանկն է, որը մանրածախ, կորպորատիվ, ՓՄՁ, պրեմիում և ներդրումային բանկային ծառայությունների հատվածներում առաջարկում է ունիվերսալ բանկային ծառայությունների լայն շրջանակ։

«Արդշինբանկը» Հայաստանի միակ ոչ սուվերեն սուբյեկտն է, որն ունի երեք միջազգային վարկանիշային գործակալությունների կողմից շնորհված վարկային վարկանիշներ՝ S&P Global Ratings-ի կողմից՝ BB- (Stable), Moody’s-ի կողմից՝ Ba3 (Positive) և Fitch-ի կողմից՝ BB- (Positive)։ Բոլոր վարկանիշներով բանկը գտնվում է Հայաստանի Հանրապետության սուվերեն վարկանիշի մակարդակում։

Արդշինբանկը նաև Հայաստանի միակ ոչ սուվերեն կազմակերպությունն է, որն ունեցել է միջազգային ֆինանսական շուկաներում եվրապարտատոմսերի (Eurobond) մի շարք թողարկումներ։ Վերջին՝ 600 մլն ԱՄՆ դոլարի թողարկումն իրականացվել է 2026 թվականի հունվարի 14-ին։

«Արդշինբանկը» պարբերաբար աուդիտի է ենթարկվում «Մեծ քառյակ» (Big Four) աուդիտորական ընկերությունների կողմից (ներկայում՝ Ernst & Young) և վստահելի գործընկեր է միջազգային հեղինակավոր ֆինանսական հաստատությունների համար, այդ թվում՝ Citibank-ի և Bank of New York Mellon-ի՝ ԱՄՆ դոլարով քլիրինգային ծառայությունների, ինչպես նաև Commerzbank-ի, UniCredit-ի և Intesa Sanpaolo-ի՝ եվրոյով քլիրինգային ծառայությունների ոլորտում։

«Արմենիա Ինշուրանս»-ը ոչ կյանքի ապահովագրության ոլորտում գործող ընկերություն է, որն ունի ավելի քան 112,000 հաճախորդ և գործակալների լայն ցանց Հայաստանի ամբողջ տարածքում։ Ընկերությունը շուկայի առաջատարն է զուտ շահույթի և շահութաբերության ցուցանիշներով։

«Արինս կապիտալ» ֆոնդը բաղկացած է վեց ենթաֆոնդերից, որոնցից յուրաքանչյուրն ունի ներդրումային առանձնահատուկ ուղենիշներ։ Ֆոնդի կառավարման ներքո գտնվող ակտիվների ընդհանուր ծավալը կազմում է ավելի քան 1.017 մլն ԱՄՆ դոլար։