Рейтинг@Mail.ru
USD
364.6
EUR
425.2
RUB
4.3204
GEL
139.38
2026 թ. օգոստոսի 26, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+31

Սեդրակ Քոչարյանը 2 ամսով կալանավորվեց

Այսօր, 11:14
Սահմանափակված է նաև նրա տեսակցությունների իրավունքը, բացառությամբ կնոջ և երեխաների
Սեդրակ Քոչարյանը 2 ամսով կալանավորվեց

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի./ԱՌԿԱ/. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվեց, հայտարարել է նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

«Դատարանն ամբողջությամբ բավարարեց քննիչի միջնորդությունը. պարոն Քոչարյանը կալանավորվեց 2 ամիս ժամկետով։ Սահմանափակված է նաև նրա տեսակցությունների իրավունքը, բացառությամբ կնոջ և երեխաների», - ասաց նա լրագրողների հետ զրույցում։

Կոչուբաևը համոզված է, որ հետապնդումը «ապօրինի» է։

«Բոլոր դեպքերում նախ վաղեմության ժամկետները սպառված էին, որոշ դեպքերում մտացածին էին։ Բայց, քանի որ նաև մի փոքր խնդիր ունենք նախաքննական գաղտնիքի հետ կապված, շատ տվյալներ հանրայնացնել չենք կարող։ Միայն կարելի է արձանագրել, որ գործ ունենք ապօրինի, նաև քաղաքական կոնտեկստ ունեցող հետապնդման հետ», - ընդգծեց փաստաբանը։

Կոչուբաևը նաև նշեց, որ նրանք մտադիր են բողոքարկել որոշումը։

Քրեական հետապնդման մասին

Օգոստոսի 25-ին խուզարկություններ են իրականացվել Ռոբերտ Քոչարյանին և նրա ընտանիքին պատկանող հասցեներում, այնուհետև Քոչարյանը տեղափոխվել է Հակակոռուպցիոն կոմիտե։

ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է , որ քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ նախկին նախագահը, նրա որդին և հանցավոր սխեմաներում ներգրավված այլ անձինք։

Այնուհետև ՀՀ Գլխավոր դատախազությունը հայտնել է, որ օգոստոսի 24-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու 2 և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման 4 դրվագներով։

«Քրեական հետապնդում է հարուցվել ևս 9 անձի նկատմամբ, այդ թվում՝ նրա որդու՝ Սեդրակ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Ս․Ս․-ի (2000–2007 թթ․ այս պաշտոնը զբաղեցրել է Սերժ Սարգսյանը), նախկին վարչապետ Ա․Մ․-ի (2000–2007 թթ․ վարչապետ Անդրանիկ Մարգարյան), Երևանի նախկին քաղաքապետ Գ․Բ․-ի (Գագիկ Բեգլարյան) և այլ անձանց նկատմամբ»,- նշել են Դատախազությունից։