2025թ․–ին ՀՀ վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվն ավելի քան 8000-ով գերազանցել է հեռացածների թվին, ներգաղթի պրոցեսը ինստիտուցիոնալ է լինելու. Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի․/ԱՌԿԱ/. 2025 թվականին Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվն ավելի քան 8000-ով գերազանցել է Հայաստանից հեռացած քաղաքացիների թվին, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Վերջերս Հայաստանում հայրենադարձման կամ ներգաղթային որոշակի գործընթացներ են նկատվում. 2025 թվականին Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվն ավելի քան 8000-ով գերազանցել է Հայաստանից հեռացած քաղաքացիների թվին», - ասաց Փաշինյանը կառավարությունում ՀՀ պետական կառավարման մարմիններում սփյուռքի մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ։
Վարչապետի դիտարկմամբ՝ մարդիկ վերադառնում են ՀՀ, անշարժ գույք են ձեռք բերում, ներդրումներ անում և փորձում են իրենց կյանքը կապել Հայաստանի հետ։
«Ի տարբերություն 2014 թվականի, նույնիսկ 2019-2020 թվականների, այսօր հայրենադարձման միտումներն ավելի վստահ են դառնում, այդ թվում՝ խաղաղության օրակարգի և հաստատված խաղաղության շնորհիվ, որովհետև սա նույնպես գործոն է, որը մենք անպայման պետք է հաշվի առնենք»,- ասաց Փաշինյանը։
Անդրադառնալով աշխարհի լավագույն 200 բուհերի շրջանավարտներին Հայաստանի պետական կառավարման համակարգում ներգրավելու վերաբերյալ իր հայտարարությանը՝ վարչապետը տեղեկացրեց, որ արդեն կոնկրետ նշանակումներ արել է, և առաջիկայում էլ սպասվում են նոր նշանակումներ։
Նա վստահություն հայտնեց, որ ներգաղթի պրոցեսը ինստիտուցիոնալ է լինելու, քանի որ այսօր Հայաստանը կառավարվում է այն տրամաբանությամբ և գաղափարաբանությամբ, որը ոչ թե էլիտաների կողմից պարտադրվել է ժողովրդին, այլ ժողովրդի կողմից պարտադրվել է կառավարող ուժին։
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի ժամանակավոր պաշտոնակատար Զարեհ Սինանյանը նշեց, որ նախորդ հինգ տարիների մասնակիցների 68-70%-ը մնացել է Հայաստանում, նրանցից 15%-ը շարունակում է պետական համակարգում աշխատել։
Ծրագրի մասնակիցների թիվը 45 է։ Նրանք ժամանել են Շվեդիայից, Իսպանիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Նորվեգիայից, Հունգարիայից, Ֆրանսիայից, Հորդանանից, Բելառուսից, Բրազիլիայից, Արգենտինայից, Իրանից և Ավստրիայից։