Նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է Ռազմական ոստիկանության պետ
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ Ռազմական ոստիկանության պետ։
Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ՝ Վահագն Խաչատուրյանը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 38-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Արամ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ նշանակել Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ»,-նշված է ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջում հրապարակված հրամանագրում։
Նշենք, որ օգոստոսի 13-ին լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերին և հայտարարել, որ պետք է անհատական պատասխանատվություն։
Նա հայտնել է, որ «առաջիկայում կլինեն որոշակի կադրային լուծումներ այն մարմիններում, որոնք անմիջապես պատասխանատու են այդ խնդրի համար»։
Փաշինյանի հայտարարությունն արվել է օգոստոսի 13-ին ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին հրազենային վնասվածքով հայտնաբերելու համատեքստում։
Նույն օրը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։
Ռազմական ոստիկանության նորանշանակ պետ Արամ Հովհաննիսյանը 2023-2025 թթ.-երին զբաղեցրել է ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ-ոստիկանապետի պաշտոնը։