Рейтинг@Mail.ru
USD
365.82
EUR
422.74
RUB
4.3644
GEL
139.91
2026 թ. օգոստոսի 17, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+26

Պետբյուջեից ավելի քան 1,4 մլրդ դրամ է ուղղվել Միջուկային բժշկության ազգային կենտրոնի վերանորոգման և վերազինման նպատակով

Այսօր, 10:54
Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի Միջուկային բժշկության ազգային կենտրոնի վերանորոգման և վերազինման համար 2025 թվականին պետական բյուջեից ներդրվել է ավելի քան 1 մլրդ 444 մլն դրամ
Պետբյուջեից ավելի քան 1,4 մլրդ դրամ է ուղղվել Միջուկային բժշկության ազգային կենտրոնի վերանորոգման և վերազինման նպատակով

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի Միջուկային բժշկության ազգային կենտրոնի վերանորոգման և վերազինման համար 2025 թվականին պետական բյուջեից ներդրվել է ավելի քան 1 մլրդ 444 մլն դրամ։

Ինչպես հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, այդ գումարից ավելի քան 36 մլն դրամ հատկացվել է կենտրոնի մասնակի վերանորոգման շինարարական աշխատանքների համար, իսկ ավելի քան 1 մլրդ 407 մլն դրամով ձեռք են բերվել սարքավորումներ։

Տվյալները ներկայացվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կենտրոն կատարած այցի ընթացքում։ Վարչապետին ուղեկցել են առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Փաշինյանը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին։

Պետական բյուջեի հաշվին իրականացված ներդրումների շնորհիվ կենտրոնը համալրվել է նորագույն թվային ՊԷՏ/ՀՏ համակարգով, բարձր դասի սոնոգրաֆիկ և մամոգրաֆիկ սարքավորումներով, կոլոնոսկոպիկ և կոլպոսկոպիկ համակարգերով, ինչպես նաև անխափան սնուցման սարքավորումներով։

2025 թվականին Միջուկային բժշկության ազգային կենտրոնը նաև ընդլայնել է իր գործունեության շրջանակը։

Կենտրոնը համալրված է բելգիական IBA ընկերության արտադրության ցիկլոտրոնով։ Բացի այդ, կենտրոնի զարգացման շրջանակում արդեն իսկ իրականացված մրցութային գործընթացների արդյունքում ձեռք են բերվել համապատասխան սարքավորումներ՝ թեռանոստիկ բժշկության զարգացման նպատակով։

Պատասխանատուների խոսքով՝ ստեղծված ենթակառուցվածքային և տեխնոլոգիական հնարավորությունները կարևոր նախադրյալներ են միջուկային բժշկության ախտորոշիչ և բուժական ուղղությունների հետագա զարգացման, նոր ռադիոֆարմպրեպարատների կիրառման, թեռանոստիկ մոտեցումների ներդրման, ինչպես նաև համապատասխան մասնագիտական ներուժի ձևավորման համար։