Արդշինբանկի մոբայլ հավելվածում այժմ հնարավոր է ընտրել կենսաթոշակային ֆոնդը
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Արդշինբանկի մոբայլ հավելվածում այժմ հասանելի է կենսաթոշակային ֆոնդի ընտրության և փոփոխության նոր հնարավորությունը։ Այսուհետ Արդշինբանկի հաճախորդները կարող են ընտրել կամ փոխել իրենց կենսաթոշակային ֆոնդն անմիջապես մոբայլ հավելվածում՝ առանց բանկ այցելելու։
Ֆոնդ ընտրելու կամ փոխելու համար անհրաժեշտ է մոբայլ հավելվածում մուտք գործել «Իմ հաշիվը» բաժին, ընտրել «Կենսաթոշակային հաշիվ», այնուհետև՝ «Փոխել ֆոնդը» և հաստատել ընտրությունը։ Հավելվածում հասանելի է նաև կենսաթոշակային կուտակումների ընդհանուր չափի վերաբերյալ տեղեկատվությունը։
Կենսաթոշակային ֆոնդերը տարբերվում են իրենց ներդրումային ռազմավարությամբ և ռիսկայնության մակարդակով։ Գործող ֆոնդերի տեսակներն են՝ Հավասարակշռված, Կայուն եկամտային և Պահպանողական։ Ֆոնդն ընտրելիս կարևոր է հաշվի առնել մինչև կենսաթոշակային տարիքին հասնելը մնացած տարիների քանակը և ֆոնդի ռիսկայնության մակարդակը։
Եթե նախկինում կենսաթոշակային ֆոնդի ընտրություն չի կատարվել, համակարգում ինքնաշխատ կերպով ընտրվում է Պահպանողական տեսակի ֆոնդը, որն ունի միջին ռիսկայնության մակարդակ։
Կենսաթոշակային ֆոնդերի տեսակների, դրանց առանձնահատկությունների, ռիսկայնության, ընտրության չափանիշների և օրինակների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է Արդշինբանկի «Ընտրեք ձեր կենսաթոշակային ֆոնդը» տեղեկատվական էջում։ Ֆոնդերի եկամտաբերության, ռիսկայնության և համեմատական կատարողականի վերաբերյալ տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ նաև ՀՀ կենտրոնական դեպոզիտարիայի պաշտոնական կայքում։
Ֆոնդը փոխելու դեպքում հաջորդ ամսվանից նոր կուտակումները կուղղվեն ընտրված նոր ֆոնդին, իսկ նախկինում կուտակված միջոցները կմնան գործող ֆոնդում։ Նախկինում կուտակված միջոցները նոր ֆոնդ տեղափոխելու համար հնարավոր է օգտվել ՀՀ կենտրոնական դեպոզիտարիայի «Իմ հաշիվը» հարթակից։
«Մենք անընդհատ բարելավում ենք Արդշինբանկի մոբայլ հավելվածը՝ նպատակ ունենալով ֆինանսական ծառայությունները հնարավորինս պարզ և հասանելի դարձնել մեր բոլոր հաճախորդների համար։ Այդ նպատակին ուղղված քայլերից է նաև հավելվածում կենսաթոշակային ֆոնդի ընտրության կամ փոփոխության նոր գործառույթը, որը հաճախորդներին հնարավորություն է տալիս իրենց կենսաթոշակային միջոցների վերաբերյալ որոշումը կայացնել ինքնուրույն և անհրաժեշտ գործողությունն արագ ու հարմար եղանակով իրականացնել թվային միջավայրում», - նշեց Արդշինբանկի վարչության անդամ, թվայնացման և տաղանդների կառավարման գծով տնօրեն Հարություն Իսպիրյանը։
Հիշեցնենք․ Կենսաթոշակային հաշվին կուտակումները կատարվում են եկամտի 10% դրույքաչափով: Կուտակված միջոցներն հանդիսանում են անձի սեփականություն, ուստի նաև ժառանգելի են։
Կարևոր․ Սույն հաղորդագրությունը կրում է բացառապես տեղեկատվական բնույթ և չի հանդիսանում ներդրումային խորհրդատվություն։ Արդշինբանկը չի առաջարկում կամ երաշխավորում որևէ կոնկրետ կենսաթոշակային ֆոնդ կամ ֆոնդի կառավարիչ։ Կենսաթոշակային ֆոնդի ընտրությունը կատարում է հաճախորդը՝ իր գնահատականի, նպատակների և նախասիրությունների հիման վրա։
Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։ Արդշինբանկն ունի շուրջ 912,000 հաճախորդ, որոնց սպասարկում են բանկի 2,400-ից ավելի աշխատակիցներ։ Բանկում ներդրված է ծառայությունների մատուցման ու վաճառքի հզոր բազմախողովակ պլատֆորմ՝ 73 մասնաճյուղերով, համապարփակ մոբայլ և օնլայն բանկինգի համակարգերով։ Բանկն ունի երկրում ամենալայն մասնաճյուղային ցանցը, ինչպես նաև ներկայացուցչություն Փարիզում։
Արդշինբանկը Հայաստանի միակ ընկերությունն է, որն ունի աշխարհի երեք առաջատար՝ Standard & Poor's (BB- (Stable)), Moody’s (Ba3 (Positive)) և Fitch (BB- (Positive)) վարկանիշային ընկերությունների կողմից շնորհված վարկանիշեր: Բանկն ունի Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչը մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշն է:
Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: