Միրզոյանը Ռիգայում այցելել է «Bovo GAS» բիոգազի արտադրման գործարան. քննարկվել են ՀՀ-ում ոլորտի հեռանկարները
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ռիգա կատարած այցի շրջանակում այցելել է «Bovo GAS» բիոգազի արտադրման գործարան, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Միրզոյանը շրջել է գործարանի արտադրական հատվածներում և ծանոթացել բիոգազի արտադրության գործընթացին ու կիրառվող տեխնոլոգիաներին:
Ընկերության հիմնադիր-սեփականատեր, Լատվիայում ՀՀ պատվավոր հյուպատոս Մխիթար Մխիթարյանը ՀՀ արտգործնախարարին է ներկայացրել ընկերության գործունեությունն ու արտադրական շղթան, այդ թվում՝ Բալթյան երկրների էներգետիկ համակարգի զարգացման գործում ունեցած ներդրումը, իրականացված և ընթացիկ ծրագրերը։
Նշվել է, որ «Bovo GAS»-ը Լատվիայում 2024 թվականի մարտից գործարկված՝ բարձրորակ բիոմեթանի ստացման եզակի գործարան է, որը մաքրում է բիոգազը և ստացված բիոմեթանն անմիջապես ներարկում Լատվիայի բնական գազի ցանց։
Նախագիծը գյուղատնտեսական թափոնները վերականգնվող էներգիայի վերածելու լավագույն օրինակներից է․ արտադրական շղթայում բիոգազին զուգահեռ ներառված է նաև հավկիթից մինչև բարձրորակ պարարտանյութի արտադրությունը:
Շրջայցի ընթացքում կողմերը քննարկել են փորձի փոխանակման և Հայաստանում բիոգազի արտադրության հեռանկարներին վերաբերող հարցեր։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ էներգետիկ դիմակայունության ամրապնդումն ու էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առանցքային առաջնահերթություններից են։