Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-7

ՎԶԵԲ–ի փոխնախագահ.Հայաստանում բանկն այսօրվա դրությամբ ներդրել է ավելի քան 2մլրդ եվրո 205 նախագծում. ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ

19.01.2023, 15:16
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի փոխնախագահ Մարկ Բոումանն «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում նա խոսել է Երևանում տեղի ունեցած քննարկումների և բանկի ծրագրերի մասին, նշել է տնտեսության աճի գործոնները, ինչպես նաև հաստատել Հայաստանի տնտեսական աճի 2023թ.–ի կանխատեսումը
ՎԶԵԲ–ի փոխնախագահ.Հայաստանում բանկն այսօրվա դրությամբ ներդրել է ավելի քան 2մլրդ եվրո 205 նախագծում. ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի./ԱՌԿԱ/. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի փոխնախագահ Մարկ Բոումանը տարածաշրջանային այցով օրերս գտնվում էր Հայաստանում։ «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում նա խոսել է Երևանում տեղի ունեցած քննարկումների և բանկի ծրագրերի մասին, նշել է տնտեսության աճի գործոնները, ինչպես նաև հաստատել Հայաստանի տնտեսական աճի 2023թ.–ի կանխատեսումը։

«ԱՌԿԱ». պրն. Բոուման, պատմեք, խնդրում եմ, Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաների և մասնավոր հատվածների ներկայացուցիչների հետ ձեր հանդիպումների օրակարգի մասին։

Մ. Բոուման. մեր այցի ընթացքում հանդիպել ենք զարգացման գծով միջազգային գործընկերների, դիվանագիտական հանրության և պետական պաշտոնյաների հետ։

Զարգացման գծով գործընկերների հետ հանդիպումների ժամանակ կենտրոնացրել ենք ուշադրությունը ֆինանսավորման հնարավորությունների, քաղաքական երկխոսության և պոտենցիալ դոնորների համակարգմանն ուղղված ջանքերի վրա։ Մենք ունենք ամուր կապեր զարգացման գծով բոլոր տեղացի գործընկերների հետ, որոնք մեծ ձեռքբերումներ են գրանցել։ Ուզում ենք օգուտ քաղել դրանից, որպեսզի առաջ մղենք նախագծերը, այդ թվում` ավելի խոշորները`կայուն ենթակառուցվածքի և էներգիայի վերականգնվող աղբյուրների ոլորտում։

Հանդիպել ենք նաև ՀՀ–ում Մեծ Բրիտանիայի դեսպանի և Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավարի հետ։ Մեծ Բրիտանիան (իր Good Governance Fund–ի միջոցով), ՎԶԵԲ–ը և Ներդրումային խորհուրդն իրականացրել են բազմաթիվ բարեփոխումներ, որոնք ուղղված են երկրի գործարար միջավայրի բարելավմանը։ Հույս ունենք, որ այս համագործակցությունը կշարունակի զարգանալ, որպեսզի հնարավոր լինի Հայաստանը դարձնել ավելի գրավիչ օտարերկրյա և ներքին ներդրումների համար։

Հանդիպել ենք նաև նախարարների, ԿԲ–ի ղեկավարի և նրա աշխատակիցների հետ։ Մեր զրույցներում հաստատել ենք մեր աջակցությունը Հայաստանի ձգտումներին` «կանաչ փոխակերպմանն» անցնելու, մասնավոր հատվածի, կապիտալի շուկաների զարգացման, տարածաշրջանային փոխկապակցվածության ու քաղաքական բարեփոխումների հարցում։ Կշարունակենք աջակցել կառավարությանը մեր ներդրումների «ֆիրմային» բիզնես–մոդելի օգնությամբ` քաղաքական մասնակցության և տեխնիկական համագործակցության համադրությամբ։

 «ԱՌԿԱ». ի՞նչ լուծումներ են սպասվում, ինչպե՞ս կգնահատեք հետագա համագործակցության հեռանկարները։

Մ. Բոուման. 2023թ.–ին նախատեսված է մի քանի իսկապես հիանալի նախագիծ, բայց դեռ չենք կարող բացահայտել մանրամասները։ Այդուհանդերձ, կարող եմ ասել, որ մանրամասն քննարկված թեմաներից մեկը Սիսիան–Քաջարան ճանապարհի շինարարության հնարավորությունն է։ Այս պահին մենք գլխավորում ենք այդ ծրագրի համար նախագծի պատրաստման աշխատանքը։ Նախագիծն ուղղված է ոչ բավարար չափով սպասարկվող Սյունիքի մարզի տնտեսության բարելավմանը։ Ավելի լայն կոնտեքստով այն ավելի լավ  կկապի Հայաստանն այսպես կոչված Միջին միջանցքի տրանսպորտային երթուղու հետ։

Նաև քննարկել ենք մեր առաջիկա ամենամյա հանդիպման և բիզնես–ֆորումի կազմակերպումը, որոնք պետք է անցկացվեն Երևանում 2024թ.–ին։ Այդ միջոցառման շրջանակում տեղացի շահագրգիռ կողմերի հետ մենք Հայաստան կգրավենք առաջատար մասնակիցների ամբողջ աշխարհից` պետական պաշտոնյաներից, ֆինանսական և կորպորատիվ ղեկավարներից մինչև ձեռներեցներ, քաղաքացիական հասարակության և միջազգային ԶԼՄ–ների ներկայացուցիչներ։ Շատ ենք սպասում այդ իրադարձությանը։

«ԱՌԿԱ». պատմեք, խնդրում եմ, Հայաստանում ՎԶԵԲ–ի նախագծերի, վերջերս ստորագրված նախագծերի, պլանների և ռազմավարությունների մասին, մասնավորապես` Երևանի ենթակառուցվածքի մասով։ ՎԶԵԲ–ն ի՞նչ ներդրումային ծրագրեր է նախատեսում իրականացնել 2023թ.–ին։

Մ. Բոուման. մենք Հայաստանի վաղեմի գործընկերն ենք, որտեղ այսօրվա դրությամբ ներդրել ենք ավելի քան 2մլրդ եվրո 205 նախագծում, որի 90%–ը մասնավոր հատվածում է։ Երևանի հետ ունենք վաղեմի և առանձնահատուկ հարաբերություններ, քանի որ այն առաջին քաղաքներից էր, որը միացել է «Կանաչ քաղաքներ» մեր ծրագրին։

Վերջերս ԵՄ–ի և E5P հիմնադրամի հետ ֆինանսավորել ենք ավելի էկոլոգիական ավտոբուսները Երևանի համար, որոնք կհամալրեն քաղաքային պարկը, 40 ավտոբուս արդեն բերվել է, ևս 47–ը ճանապարհին է

Նախկինում աջակցել ենք Երևանի մետրոպոլիտենի վերականգնմանն` արդիականացնելով մետրոի վագոնները, դրենաժային թունելի կառուցումը և անհրաժեշտ ենթակառուցվածքը։ Բանկը մտադիր է շարունակել ներդրումները մետրոպոլիտենի ենթակառուցվածքում, մասնավորապես, դրա էներգաարդյունավետության բարձրացման մասով։

Երևանի մի քանի շրջաններում ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքը վերականգնվել է բանկի, ԵՄ–ի ու Եվրոպական ներդրումային բանկի մեխանիզմների աջակցությամբ։ ՎԶԵԲ–ը ֆինանսավորում է փողոցային լուսավորության արդիականացումը Երևանի 28 փողոցներում։ Բացի ֆինանսական աջակցությունից, մենք նաև օգնում ենք Երևանի քաղաքապետարանին և Երևանի ավտոբուսային ընկերությանը տրանսպորտի կառավարման և ուղետոմսերի վաճառքի համակարգերի ինտեգրման հարցում։

Այդուհանդերձ, Երևանում դեռ շատ հնարավորություններ կան` տրանսպորտային ենթակառուցվածքի բարելավման համար, և բանկը պատրաստ է աջակցել այն, եթե քաղաքը որոշի օգտվել մեր օգնությունից։

ԱՌԿԱ. խնդրում եմ, նկարագրեք Հայաստանում Միջին միջանցքի և ՎԶԵԲ–ի ենթակառուցվածքային նախագծերի հեռանկարները, մասնավորապես, Սիսիան–Քաջարան ճանապարհի առավելությունները Սյունիքի մարզի համար, Մեղրիի և Բագրատաշենի նախագծերը Միջին միջանցքին Հայաստանի միացման ավելի լայն համատեքստում։

Մ. Բոուման. մենք աջակցում ենք Հայաստանին, որպեսզի այն դառնա ավելի փոխկապակցված ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում ճանապարհային ենթակառուցվածքի արդիականացման, ինչպես նաև հյուսիսային և հարավային սահմանային անցակետերի ընդլայնման և համազգային մաքսային համակարգի բարելավման հաշվին։

Վերջերս Վրաստանի և Հայաստանի վարչապետերը բացեցին Բարեկամության կամուրջ Բարգատաշենի անցակետում։ ՎԶԵԲ–ի հետ համատեղ ֆինանսավորվող նախագիծը դարձավ կարևոր նշաձող տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման գործում։

Հայաստանի հարավում վերջերս միավորվել ենք ԵՄ–ի հետ` Մեղրիի անցակետի արդիականացումը ֆինանսավորելու համար։

Հիմա ֆինանսավորում ենք Սիսիան–Քաջարան ճանապարհը, որը նախատեսված է Հայաստանի հարավում տնտեսության բարելավման համար, իսկ ավելի լայն համատեքստում այն ավելի արդյունավետ կկապի Հայաստանն այսպես կոչված Միջին միջանցքի տրանսպորտային երթուղու հետ։

Բանկը մյուս միջազգային ֆինանսական ինստիտուտների հետ գտնվում է համալիր ստուգման ակտիվ փուլում, որը պետք է ավարտվի մի քանի ամսից։ 2023թ.–ի ամռանը կլինի ավելի շատ որոշակիություն նախագծի ֆինանսավորման հարցում, որում բանկը շատ է հետաքրքրված։

Ինչ վերաբերում է քաղաքական կողմին, ապա մենք վերջերս գործարկել ենք Պետական եկամուտների կոմիտեին աջակցելու նախագիծը Մաքսային իրազեկման համակարգի թվայնացման գործում։ Համակարգի ներդրման դեպքում այն կբարձրացնի մաքսային հայտարարագրման և ծանուցման համակարգի օպերացիոն արդյունավետությունը, թափանցիկությունն ու նպատակահարմարությունը։

«ԱՌԿԱ». խոսենք էներգետիկ անվտանգության և էներգիայի վերականգնվող աղբյուրների մասին։ Ի՞նչ դերակատարություն ունի բանկը տարածաշրջանային «կանաչ անցնման» գործում։ Ինչպիսի՞ն են Հայաստանում վերականգնվող էներգետիկայի հեռանկարներն ու զարգացման մարտահրավերները։

Մ. Բոուման. Հայաստանը մեծ ներուժ ունի էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացման հարցում, մասնավորապես` արևային էներգիայի։ Մենք ուզում ենք օգնել Հայաստանին ավելացնել վերականգնվող էներգիայի արտադրությունը։

Աշխատում ենք կառավարության հետ էլեկտրական ցանցերի ֆինանսավորման, մասնավոր գեներացիայի և սեփականաշնորհման մասով։ Արդեն բարելավել ենք իրավանորմատիվային և ինստիտուցիոնալ հիմքը կայուն էներգետիկայի համար, Հայաստանն այժմ արևային էներգիա արտադրողներին թույլ է տալիս էլեկտրաէներգիայի ավելցուկները վաճառել ազգային էլցանցին։

Էներգետիկ հատվածի զարգացմանն ուղղված կառավարության մինչև 2040թ.–ի ռազմավարական պլանը նախատեսում է մինչև 2030թ.–նն ապահովել մինչև 1000 ՄՎտ հզորություն արևային էներգետիկայի ոլորտում և մինչև 500 ՄՎտ` հողմային էներգետիկայի ոլորտում մինչև 2040թ.–ը։ Վերջին մի քանի տարում կառավարությունը բարելավել է նաև պետական–մասնավոր գործընկերության մասին օրենքը։

Մենք պատրաստ ենք հետագայում ևս աջակցել այդ նախաձեռնություններին, որոնք, անխոս, կբարձրացնեն երկրի էներգետիկ անկախությունը, կնպաստեն մասնավոր հատվածի զարգացմանն ու օտարերկրյա ներդրումների ներգրավմանը։

«ԱՌԿԱ». ինչպե՞ս կգնահատեիք Հայսստանի ֆինանսական ինստիտուտների կայունությունը, ի՞նչ վիճակում են երկրի «կանաչ» ֆինանսները։

Մ. Բոուման. Հայաստանի ֆինանսական ինստիտուտները, իմ կարծիքով, շատ կայուն են, հատկապես հաշվի առնելով խնդիրները, որոնց հետ բախվել են վերջին մի քանի տարում։ Միաժամանակ իշխանությունները ևս հաջողությամբ ձեռնարկում են ֆիսկալ, ֆինանսական և դրամավարկային միջոցներ, որոնք զսպում են այդ ճգնաժամերի հետևանքները։

Սա նոր չէ, Հայաստանն ունի հիմնավոր, կարգավորիչ որոշումներ ընդունելու երկարաժամկետ և տպավորիչ փորձ, որոնք իրենց հերթին ապահովում են երկրի ֆինանսական հատվածի կայունությունը։ Դա նշանակում է, որ ֆինանսական հաստատությունները պատրաստ էին վերջերս տեղի ունեցած ճգնաժամերին, ինչը թույլ տվեց նրանց հաղթահարել խնդիրներն առանց սնանկությունների կամ կապիտալի հետ կապված խնդիրների։

 «Կանաչ» ֆինանսների տեսակետից գործերը միանշանակ շարժվում են ճիշտ ուղղությամբ։ Կցանկանայինք ողջունել Հայաստանի ջանքերն `ուղղված կլիմայի փոփոոխության հետևանքների մեղմմանն ու ադապտացիային։ Երկիրը նախկինի պես հետամուտ է բազմակողմ գործընթացին, դեռևս 2017թ.–ի փետրվարին վավերացրել է Փարիզի համաձայնագիրը, ձգտում է կրկնապատկել էներգիայի վերականգնվող աղբյուրների մասնաբաժինն էներգիայի արտադրության ոլորտում և դառնալ  ածխածնային–չեզոք երկիր դարի երկրորդ կեսին։

ՎԶԵԲ–ը պատրաստ է աջակցել Հայաստանին իր հավակնոտ ճանապարհին դեպի ածխածնային վերջնական չեզոքություն։

Ինչ վերաբերում է ֆինանսներին, ապա ԿԲ–ն վերջերս մեզնից աջակցություն է խնդրել Կայուն ֆինանսավորման ճանապարհային քարտեզի մշակման և իրագործման գործում` կլիմայական ռիսկերի կառավարման հուսալի համակարգ ստեղծելու և այդ հատվածում հաշվետվություններ իրականացնելու համար։ Հիմա մենք համագործակցում ենք անհետաձգելի կարիքները որոշելու համար տեխնիկական օգնության և խորհրդակցությունների հարցում։

Միաժամանակ վարկային գծերը, որոնք ուղղված են էներգետիկային և ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացման միջոցառումներին, մեծ պահանջարկ ունեն տեղական առևտրային բանկերի շրջանում։ Բայց համատեղ ջանքերի տեսակետից առևտրային բանկերի համար կարևոր է արդյունավետ կերպով առաջ քաշել և հաճախորդներին ցույց տալ նման ներդրումների առավելությունները։ Մեր կողմից ունենք մի շարք գործիքներ որոշումներ ընդունելու հարցում հաճախորդներին աջակցելու համար, լինի դա Advise for Small Business ծրագիրը, էներգետիկ աուդիտները կամ միջազգային խորհրդատվական ծրագրերը։

«ԱՌԿԱ». ՎԶԵԲ–ը նախորդ տարվա սեպտեմբերին Հայաստանի տնտեսական աճը 2022թ.–ին կանխատեսել էր 8% և դանդաղում մինչև 4% 2023թ.–ին։ Այս կանխատեսումը վերանայվե՞լ է։

Մ. Բոուման. այս փուլում ձեր կողմից նշված կանխատեսումը մնում է անփոփոխ`4%–ի մակարդակում։ Համավարակից հետո Հայաստանի վերականգնումը մինչև հիմա հիանալի էր։ Առևտրի և ծառայությունների ոլորտում գրանցվել է երկնիշ աճ։ Ռուսաստանից մեծ թվով մարդկանց և ձեռնարկությունների ներհոսքը բարձրացրել է ծառայությունների ոլորտի նկատմամբ պահանջարկը, որը զուգադրվում է դրամական փոխանցումների ներհոսքի զգալի ավելացման հետ։

Բայց չնայած այս դրական դինամիկային, մենք չենք կարող հույս դնել ժամանակային գործոնների վրա, որոնք խթանում են այդ աճը։ Նման գործոնները մշտական չեն լինելու։ Այդ պատճառով հիմա ճիշտ ժամանակն է կենտրոնանալ Հայաստանի երկարաժամկետ կայունության վրա` փոխհատուցելով ներդրումներից և դրամական փոխանցումներից նրա պատմական կախվածությունը ռեցեսիայի հետևանքով, որը գրանցվեց ռուսական, ուկրաինական և բելառուսական տնտեսություններում։

«ԱՌԿԱ». ձեր կարծիքով, ի՞նչը կարող էր ծառայել որպես Հայաստանի տնտեսության աճի գործոն։

Մ. Բոուման. ինչպես արդեն նշեցի, Հայաստանում կարգավորիչ որոշումների ընդունումը շատ կայուն էր, ինչը շատ կարևոր է օտարերկրյա ներդրումների համար։ Երկարաժամկետ հեռանկարում դա շատ դրական գործոն է Հայաստանի տնտեսական աճի համար։

Կան մի քանի հատվածներ, որոնք կարող են դառնալ երկարաժամկետ աճի կատալիզատորներ։ Հայաստանն ունի շատ լավ հեռանկարներ արևային էներգետիկայի ոլորտում։ Երկրում, որտեղ արևը շատ է, կան բարենպաստ պայմաններ բարձր արդյունավետություն ունեցող արևային էլեկտրակայանների համար։

Հայաստանը նաև առաջատար դիրքեր է զբաղեցնում ՏՀՏ տարածաշրջանային ոլորտում` բարձր որակավորում ունեցող մեծաքանակ մասնագետներով և ստեղծման փուլում գտնվող մի քանի միաեղջյուր ընկերություններով։

Տուրիստական հատվածը ևս կարող է շատ գրավիչ լինել Հայաստանի հարուստ մշակութային ժառանգության, հյուրասիրության ավանդույթների և գեղեցիկ բնության շնորհիվ։

«ԱՌԿԱ». ի՞նչ է ՎԶԵԲ–ը կանխատեսում համաշխարհային տնտեսության համար 2023թ.–ին ընթացիկ տուրբուլենտության պայմաններում։

Մ. Բոուման. կարող ենք խոսել ՎԶԵԲ–ի շրջանների մասին, որտեղ 2023թ.–ին ակնկալում ենք միջինը 3%–ի աճ։ Դա վերանայում է դեպի նվազում 1,7 տոկոսային կետով` մայիսին արված մեր նախորդ կանխատեսման համեմատ։   

Այս ամենն արտացոլում է ՌԴ–ից գազի մատակարարումների կրճատումը, այդ թվում` Եվրոպայի` զարգացած տնտեսություն ունեցող երկրներում աճի դանդաղման հետևանքները, ինչպես նաև գնաճային ճնշման ուժեղացումը համաշխարհային տնտեսությունում և ՎԶԵԲ–ի գործողության ռեգիոններում։

Հաշվի առնելով 2022թ.–ին դեպի բարձրացում աճի վերանայումը  և 2023թ.–ին վերանայումը դեպի նվազում` ակնկալվում է, որ արտադրության ծավալը 2023թ.–ին 0,5%–ով պակաս կլինի մեր նախկին կանխատեսումից։–0–