Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
450.11
RUB
4.8673
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Հայաստանը պատրաստ է ընդունել Եգիպտոսի ուղևորություններից հրաժարված զբոսաշրջիկների մի մասին

12.11.2015, 19:58
Զբոսաշրջությունը Հայաստանի ամենաարագ զարգացող ոլորտներից է։ Վիճակագրական տվյալներով, վերջին 15 տարիների ընթացքում երկիր ժամանած զբոսաշրջիկների թիվն աճել է 26 անգամ։
Հայաստանը պատրաստ է ընդունել Եգիպտոսի ուղևորություններից հրաժարված զբոսաշրջիկների մի մասին

Զբոսաշրջությունը Հայաստանի ամենաարագ զարգացող ոլորտներից է։ Վիճակագրական տվյալներով, վերջին 15 տարիների ընթացքում երկիր ժամանած զբոսաշրջիկների թիվն աճել է 26 անգամ։ 2014 թվականին, նախորդ տարվա համեմատ, զբոսաշրջիկների ներհոսքն ավելացել է 11.3 տոկոսով` գերազանցելով 1.2 միլիոնը։ Աճ է ակնկալվում նաև այս տարվա արդյունքներով։

Կարող են, արդյո՞ք, Եգիպտոսի ողբերգական իրադարձությունները հանգեցնել նրան, որ զբոսաշրջային հոսքն ուղղվի դեպի Հայաստան, պատրաստ է, արդյո՞ք, երկիրն ընդունել զբոսաշրջիկների անկանխատեսելի հոսքը, և ի՞նչ զբոսաշրջային պրոդուկտ կարող է առաջարկել այսօր մեր հանրապետությունը։ Այս և այլ հարցերի պատասխանել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության բաժնի պետ Մեխակ Ապրեսյանը։

ԱՌԿԱ– Պարոն Ապրեսյան, որքանո՞վ են ռուսական ինքնաթիռի կործանման հետ կապված ողբերգական իրադարձություններն ազդել հայ զբոսաշրջիկների` Եգիպտոս այցելելու թվի վրա։

Մ.Ապրեսյան – Առայժմ ճշգրիտ թվեր նշել չի կարելի, բայց այսօրվա դրությամբ պատկերը հետևյալն է` շատերը հրաժարվում են դեպի Եգիպտոս ձեռք բերած զբոսաշրջային փաթեթներից։ Բացի այդ, բազմաթիվ հայկական զբոսաշրջային ընկերություններ իրենք են դադարեցրել դեպի այդ երկրր տուրերի վաճառքը։

Զբոսաշրջային փաթեթների վերադարձը կարող է կարգավորվել քաղաքացիական օրենսդրության շրջանակում, այդ գործընթացը կախված կլինի զբոսաշրջային գործակալությունների հետ ստորագրած պայմանագրերից, ինչպես նաև օտարերկրյա գործընկերների` եգիպտական կողմի տուրօպերատորների հետ կնքած պայմանագրերից։

ԱՌԿԱ – Արդյո՞ք, հայ տուրօպերատորները վնասներ կրել են եգիպտական իրադարձությունների կապակցությամբ։

Մ.Ապրեսյան – Առայժմ զբոսաշրջային ընկերությունների կրած վնասների հաշվարկը չի ավարտվել։ Կորուստներն ու դրանց ծավալները կախված են նրանից, թե իրավապայմանագրային որ դաշտում են գործում հայկական զբոսաշրջային գործակալությունները եգիպտական և վրացական գործընկերների հետ համատեղ դեպի Եգիպտոս տուրփաթեթներ վաճառելու դեպքում։

ԱՌԿԱ – Կարելի է, արդյո՞ք, այս առումով ներքին զբոսաշրջության ծավալների աճ ակնկալել։

Մ.Ապրեսյան – Հայաստանի ներքին տուրիզմն աճում է և առանց այլ գործոնների ազդեցության։ Դրա ապացույցն են նախորդ տարվա ցուցանիշները։ 2014 թվականին ներքին զբոսաշրջության ծավալներն աճել են մոտ 28.4 տոկոսով։

Մենք պետք է ձգտենք, որ Հայաստանի ներքին զբոսաշրջությունը շարունակի աճել, բայց իհարկե, դա չպետք է պայմանավորվի այդպիսի միտումներով։ Այսօր ռուս զբոսաշրջիկների ավելի քան 80 տոկոսը հեռանում է Եգիպտոսից։ Ամենայն հավանականությամբ, այդ երկիրը երկար ժամանակ դեռ փակ կլինի Ռուսաստանի համար որպես զբոսաշրջային ուղղություն։

ԱՌԿԱ – Կարելի՞ է, արդյոք, մեր երկիր ներգրավել Աֆրիկայի հյուսիսում հանգիստը նախընտրող զբոսաշրջիկների մի մասը։

Մ.Ապրեսյան – Մենք միշտ ձգտում ենք նրան, որ Ռուսաստանի և այլ երկրների զբոսաշրջիկներն ընտրեն Հայաստանը որպես զբոսաշրջային ուղղություն, բայց չէի ցանկանա կապել դրանց հոսքը ողբերգական իրադարձությունների հետ։

ԱՌԿԱ – Այնուամենայնիվ, պատրաստ է, արդյո՞ք, Հայաստանը այդքան ռուս զբոսաշրջիկների հոսքին։

Մ.Ապրեսյան – Մենք, անշուշտ, պատրաստ ենք։ Այսօր մենք շարունակում ենք անել հնարավորինս էլ ավելի մեծ թվով զբոսաշրջիկներ ներգրավել Հայաստանում։ Մենք ուրախ կլինենք մեր երկիր այցելել ցանկացող յուրաքանչյուր հյուրին։

ԱՌԿԱ – Ի՞նչ նոր և հետաքրքիր տուրպրոդուկտներ կարող է առաջարկել Հայաստանը զբոսաշրջիկներին։

Մ.Ապրեսյան – Զբոսաշրջային պրոդուկտի դիվերսիֆիկացումը, մրցունակ և հետաքրքկրր զբոսշարջային առաջարկությունների ստեղծումը մեր երկրի պետական քաղաքականության կարևորագույն բաղադրիչներն են։

Այսօր մենք առաջարկում ենք զբոսաշրջիկներին պատմամշակութային տուրփաթեթներ, ագրոտուրիզմ, արկածային, առողջարար և զբոսաշրջության այլ տեսակներ։

Ներկայում բազմաթիվ զբոսաշրջիկներ են գալիս մեզ մոտ` մեր ավանդական տոներին և փառատոներին։ Հայաստանում արագ տեմպերով աճում են ձմեռային, առողջարար, արշավային զբոսաշրջությունը։

Ինչպես ցույց են տվել վերջին սոցիոլոգիական հետազոտությունները, էապես աճել է 18-35 տարեկան երիտասարդ զբոսաշրջիկների այցը Հայաստան։ 2006-2007 թվականներին այդ տարիքային խմբերի զբոսաշրջիկների թիվը կազմում են այցելուների ընդհանուր թվի 6 տոկոսը, իսկ արդեն 2013 թվականի ուսումնասիրություններով, դրանց թիվն աճել է մինչև 34 տոկոս։ Դա նշանակում է, որ այսօր մենք առաջարկում ենք ավելի դիվերսիֆիկացիոն զբոսաշրջային պրոդուկտ։ -0-