Աստանայի փողոցներից մեկը անվանակոչվեց Մեսրոպ Մաշտոցի անունով
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբեր․/ԱՌԿԱ/. Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի կենտրոնական հատվածում հանդիսավորությամբ բացվեց փողոցներից մեկը, որն անվանակոչվել է հայ գրերի հեղինակ Մեսրոպ Մաշտոցի անունով։ Այս մասին հայտնում է Արմենպրեսը։
Աղբյուրի տեղեկացմամբ, հանդիսավոր միջոցառմանը մասնակցում էին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Ղազախստանի փոխվարչապետ Սերիկ Ժումանգարինը, Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան և այլ պաշտոնատար անձինք։
Դեռ նախորդ տարի Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի՝ Հայաստան այցի ընթացքում նշվել էր, որ քննարկվում է փոխադարձության սկզբունքով Աստանայում հայ գրերի հեղինակ Մեսրոպ Մաշտոցի, իսկ Երևանում ղազախ բանաստեղծ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի անվան փողոցների կամ պուրակների անվանակոչություն։
Ընթացիկ տարվա ապրիլին Երևանի ավագանու որոշմամբ Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի անունով: