ԱԳՆ.Հայաստանը ստացել է Մոսկվայի առաջարկը` դադարեցնել կրակը սահմանին և ընդունել է այն
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի./ԱՌԿԱ/. ՀՀ ԱԳՆ–ից հաստատել են հրադադարի մասին պայմանավորվածությունը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
«Հայկական կողմը ստացել է Մոսկվայի առաջարկը` դադարեցնել կրակը հայ–ադրբեջանական սահմանին տեղական ժամանակով ժամը 10։00–ի դրությամբ և ընդունել է այն», – ասել է ԱԳՆ–ի ներկայացուցիչը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։
Հիշեցնենք, որ գիշերը ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում:ՊՆ–ից նշում են, որ հակառակորդը, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։ Հակառակորդը փորձում է բարելավել իր հենակետերը` ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար։ Հայկական կողմն ունի երեք զոհ։ Ադրբեջանական ստորաբաժանումները, ժամը 09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր։–0–