Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 5, շաբաթ
եղանակը
Երևանում
+21

ԱԳՆ–ն հաստատում է Հայաստան–Ադրբեջան պետական սահմանին սահմանազատման հանձնաժողովի հանդիպում անցկացնելու պայմանավորվածությունը

23.11.2023, 12:11
Նոյեմբերի 30–ին Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին տեղի կունենա սահմանազատման պետական հանձնաժողովի հերթական հանդիպումը
ԱԳՆ–ն հաստատում է Հայաստան–Ադրբեջան պետական սահմանին սահմանազատման հանձնաժողովի հանդիպում անցկացնելու պայմանավորվածությունը
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 30–ին Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին տեղի կունենա սահմանազատման պետական հանձնաժողովի հերթական հանդիպումը։

Այս մասին գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

«Ըստ նախնական պայմանավորվածության՝ նոյեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանին տեղի կունենա երկու երկրների` ՀՀ կողմից՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի կողմից՝ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հերթական հանդիպումը», – նշել է Բադալյանը Facebook-յան գրառման մեջ։

Նախօրեին ՀՀ ԱԳՆ–ից հայտնել են, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է սահմանազատման հանձնաժողովների նիստ անցկացնել երկու երկրների միջև պետական սահմանին։ «Հայկական կողմը, ևս մեկ անգամ վերահաստատելով Հայաստանի քաղաքական կամքը՝ ջանքեր գործադրելու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և Հարավային Կովկասում խաղաղության և կայության հաստատման ուղղությամբ, նոյեմբերի 21-ին ադրբեջանական կողմին է փոխանցել հարաբերությունների կարգավորմասն մասին համաձայնագրի իր՝ թվով 6-րդ խմբագրությունը», – նշվում է ՀՀ ԱԳՆ–ի նոյեմբերի 22–ի հայտարարության մեջ։

Նոյեմբերի 18-ին Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հիմնական սկզբունքները համաձայնեցվել են։ Առաջին սկզբունքը, ըստ նրա, հետևյալն է՝ Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ համապատասխանաբար 28,6 հազար քառ. կմ և 86,6 հազար քառ. կմ. Երկրորդ սկզբունքն այն է, որ Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման և սահմանազերծման քաղաքական հիմք է հանդիսանում 1991 թվականի Ալմաթիի հռչակագիրը, որը ստորագրել են հետխորհրդային բոլոր երկրները։ Խոսելով հաջորդ՝ երրորդ սկզբունքի մասին՝ Փաշինյանը նշել է, որ տարածաշրջանային հաղորդակցությունները պետք է վերաբացվեն՝ համաձայն ինքնիշխանության փոխադարձ հարգանքի, իրավահավասարության սկզբունքներին։-0-