ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում նախատեսված փոփոխությունները
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի./ԱՌԿԱ/. ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Նախագծին միաձայն կողմ քվեարկեց 83 պատգամավոր, ընդդիմությունը չմասնակցեց քվեարկությանը։
Նախագծով նախատեսվում է ընտրություններից առաջ հանել ռեյտինգային ցուցակները և ընտրությունների գնալ պարզ համամասնական ընտրակարգով:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ուժերի հետ խորհրդակցություններից հետո հայտարարեց, որ Հայաստանում հունիսի 20–ին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Նա հայտարարեց, որ ապրիլի 20–ին հրաժարական կտա, բայց չի պատրաստվում որևէ տեղ գնալ և կմնա որպես վարչապետի պաշտոնակատար`ընտրությունների կազմակերպման և անցկացման համար։
Քվեարկությունից հետո ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը հայտնեց, որ 3,5–6 ժամ հետ խորհրդարանը կշարունակի աշխատանքը, որպեսզի քննարկի և ընդունի նախագիծը երկրորդ ընթերցմամբ։
«Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կտրականապես դեմ է նախագծին: Նա նաև նշեց, որ եթե խաղի կանոնները փոխվում են, խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ է դրված:
«Իմ քայլը» խմբակցությունը ներկայացրել էր «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է հանել ռեյտինգային համակարգն ու վերադարձնել համամասնական ընտրական համակարգը։ Բացի այդ, փոփոխություններով առաջարկվել է սահմանել նոր անցումային շեմ կուսակցությունների և դաշինքների համար, կուսակցությունների համար` 4%, երկու կուսակցություններից բաղկացած դաշինքների համար`8%, երեք կուսակցություններից բաղկացած դաշինքների համար` 9%, չորս և ավել կուսակցություններից բաղկացած դաշինքների համար`10%։
Փոփոխություններով նախատեսվում է հանել հետընտրական կոալիցիաների ձևավորման գործընթացում մասնակցող կուսակցությունների թվի սահմանափակումն ու երկարացնել ժամկետը, որը նախատեսվում է կոալիցիաներ ձևավորելու համար։ Առաջարկվում է խորհրդարանում ներկայացված ուժերի քանակը ներկա երեքից դարձնել չորս։ Կկրճատվի նաև խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար նախատեսված ընտրական գրավի չափը` մինչև 7,5 մլն դրամ, կուսակցական դաշինքների համար այն կկրկնապատկվի` մինչև 15 մլն դրամ։–0–