Рейтинг@Mail.ru
USD
389.41
EUR
441.28
RUB
4.7127
GEL
141.78
2025 թ. մայիսի 3, շաբաթ
եղանակը
Երևանում
+19

Արցախում հանդես են եկել հայտարարությամբ Փաշինյանի, Միշելի ու Ալիևի հանդիպումից հետո

24.05.2022, 11:02
Արցախի Հանրապետության իշխանությունների վերաբերմունքը տարբեր ձևաչափերով ընթացող բանակցություններում և քննարկումներում Արցախի Հանրապետության ու Արցախի ժողովրդի ճակատագրի վերաբերյալ հնչեցվող հայտարարություններին միանշանակ է
Արցախում հանդես են եկել հայտարարությամբ Փաշինյանի, Միշելի ու Ալիևի հանդիպումից հետո
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի./ԱՌԿԱ/. Արցախի Հանրապետության իշխանությունների վերաբերմունքը տարբեր ձևաչափերով ընթացող բանակցություններում և քննարկումներում Արցախի Հանրապետության ու Արցախի ժողովրդի ճակատագրի վերաբերյալ հնչեցվող հայտարարություններին միանշանակ է և արտահայտվել է մի քանի անգամ Նախագահի ու Ազգային ժողովի կողմից։

Այս մասին «Արցախպրես»-ին տված մեկնաբանությունում ասել է ԱՀ Նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը՝ ավելացնելով, որ ցանկանում է հիշեցնել 2021 թվականի դեկտեմբերին Նախագահ Հարությունյանի հրապարակած դրույթներից մի քանիսը՝

1. Արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը որևէ վերապահման և զիջման ենթակա չէ։ Այդ հարցի բացառիկ տերը Արցախի ժողովուրդն է։

2. Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը իշխանությունների ուղենիշն է մնում։ Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ անընդունելի է։

3․ Ոչ միայն կարգավիճակի, այլև ժողովրդագրական առումով վերադարձն անցյալին անընդունելի է։ Արցախի Հանրապետությունն ունի իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու խնդիր։

ԱՀ Նախագահի խոսնակի խոսքով՝ իր քաղաքականությունն Արցախի իշխանությունը կառուցում ու իրականացնում է Արցախի Հանրապետության անկախության հռչակագրին և մայր օրենքին համապատասխան՝ համագործակցելով բոլոր գործընկերների հետ։

Բրյուսելյան հանդիպման մասին

Բրյուսելում մայիսի 22-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵԽ նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:

Ինչպես նշվում է հանդիպման արդյունքում Միշելի կողմից ներկայացված հայտարարության մեջ, Փաշինյանն ու Ալիևը համաձայնության են եկել տարանցման կարգավորման սկզբունքների վերաբերյալ՝ արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի, Ադրբեջանի տարածքով՝ Հայաստանի տարբեր մասերի, ինչպես նաև երկու երկրների հաղորդակցության ենթակառուցվածքների միջոցով միջազգային բեռնափոխադրումների շուրջ:


Ղեկավարները պայմանավորվել են առաջ տանել Հայաստանի և Ադրբեջանի միջև ապագա խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները, որով կարգավորվելու են միջպետական հարաբերությունները։ Առաջիկա շաբաթների ընթացքում ԱԳ նախարարների գլխավորած թիմերը առաջ կտանեն այս գործընթացը։ Միշելը նաև նշել է երկու ղեկավարներին, որ անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը:-0-