Արծրուն Հովհաննիսյան. մարտերը Արցախի արևելյան հատվածում շարունակվում են, հակառակորդի զորքերը լուրջ կորուստներ են կրում
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ մարտերը Արցախի արևելյան հատվածում շարունակվում են։
«Հակառակորդի զորքերը լուրջ կորուստներ են կրում։ Փառք մեր բանակին», – նշել է նա Facebook–յան իր էջում։
Արցախում իրավիճակի սրացման մասին
Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է մղվել մի քանի ուղղություններով։
Ադրբեջանական կողմը կրում է կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ, կորցրել է նաև մեծ քանակի տեխնիկա։
Հայկական կողմը միջազգային հանրությանը, այդ թվում ՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, տեղեկացրել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի, այդ թվում՝ խաղաղ բնակավայրերի հրթիռակոծման մասին:
Արցախի և Հայաստանի ՊՆ–ների հաղորդմամբ, հայկական կողմից զոհվել է 1000-ից ավելի զինծառայող, կան բազմաթիվ վիրավորներ։ Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։
Հոկտեմբերի 25–ին ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը, որում նշվում է, որ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հանդիպում ունեցան ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ և վերահաստատեցին իրենց երկրների հանձնառությունը կյանքի կոչելու և պահպանելու հումանիտար հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Մոսկվայում հոկտեմբերի 10-ին և վերահաստատվել հոկտեմբերի 17-ին՝ համահունչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հոկտեմբերի 1-ին արված հայտարարության:
Բաքվի և Երևանի միջև հրադադարը ուժի մեջ է մտել հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով ժամը 08: 00-ին: