Արծվիկ Մինասյան․ ԱԺ է մուտքագրվել 33 պատգամավորի ստորագրությունով միջնորդությունը ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/ԱՌԿԱ/․ ԱԺ արտահերթ նիստի օրակարգում մեկ հարց է՝ կառավարության հրաժարական և նոր կառավարության ձևավորում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
«3 ժամ առաջ արդեն ԱԺ է մուտքագրվել 33 պատգամավորի ստորագրությունով միջնորդությունը։ Գործող օրենքի համաձայն, արտահերթ նիստը պետք է գումարվի մինչև 5 աշխատանքային օրվա ընթացքում։ Եթե խորհուրդը որևէ պատճառով չուզենա այս հարցը օրակարգ ներառել կամ սրան դեմ քվեարկի, ապա 5-րդ աշխատանքային օրը՝ հունիսի 17-ին, օրենքի ուժով պետք է գումարվի արտահերթ նիստ։ Երկու խմբակցությունների կոմից՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ», նաև միջնորդություն է ներկայացված, որ այսօրվա խորհրդի նիստում ներառվի հարցը և որոշում կայացվի՝ վաղը 18։30-ին արտահերթ նիստ հրավիրելու մասին։ Եթե անգամ խորհուրդը վաղն էլ նպատակահարմար չգտնի, կարող է մինչև հունիսի 17-ը ժամը 18։30-ին գումարել նիստ», – ասաց Մինասյանը։
Պատգամավորն ավելացրեց, որ 35 պատգամավորի ստորագրություն կունենան, սակայն երկու պատգամավոր, տեխնիկական պատճառներից ելնելով, դեռ չի ստորագրել։
Ինչ վերաբերում է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած բողոքի ակցիաներին, ապա, ըստ նրա, ակցիաները պետք է անցկացվեն այնքան ժամանակ, քանի դեռ ժողովուրդը չի հասել իր պահանջներին, այն է՝ իշխանափոխության։
Հունիսի 9-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանրահավաքի ժամանակ կոչ արեց հունիսի 10-ից 96-ժամյա անդադար գործադուլ և բողոքի ցույցեր սկսել։ Նա նաև կոչ արեց պատգամավորներին արտահերթ նիստ անցկացնել՝ կառավարության հրաժարականի օրակարգով։ Հունիսի 10-ի գիշերը շարժման համակիրները վրաններ են խփել Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Երևանում և ողջ հանրապետությունում անհնազանդության ակցիաներ է անցկացնում՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։