Рейтинг@Mail.ru
USD
396.76
EUR
411.8
RUB
4.0996
GEL
141.91
2025 թ. փետրվարի 10, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

«Արևմտյան Ադրբեջան» նարատիվը տարածքային պահանջ է Հայաստանի նկատմամբ․ Միրզոյան

08.01.2025, 17:20
Միրզոյանը նշեց, որ Երևանն ու Բաքուն չեն քննարկում Արևմտյան Ադրբեջանի հարցը
«Արևմտյան Ադրբեջան» նարատիվը տարածքային պահանջ է Հայաստանի նկատմամբ․ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները։ Ալիևն ավելի վաղ հայտարարել է, որ «լավ կլիներ, եթե Հայաստանի վարչապետն ընդուներ Արևմտյան Ադրբեջանի համայնքի ներկայացուցիչներին, որոնք պատրաստ են այցելել Երևան»։

«Մենք շարունակում ենք ադրբեջանական կողմից ստանալ ապացույցներ այն մասին, որ «Արևմտյան Ադրբեջան» կոչված ադրբեջանական նարատիվը ուղղակիորեն տարածքային պահանջ է կամ հավակնություններ, կամ ենթադրում է ոտնահարում ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ։ Նույնսիկ նրանք կառույց ունեն ստեղծած «Արևմտյան Ադրբեջան»-ի համայնք: Ոչ թե Հայաստանի ադրբեջանցիների, ոչ թե անգամ Հայաստանից ադրբեջանցիների փախստականների համայնք, այլ՝ «Արևմտյան Ադրբեջան»-ի համայնք: Սա հերթական շինծու և առավելապաշտական նախագիծն է, որը հովանավորվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից», – հայտարարեց Միրզոյանն այսօր ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով, Հայաստանը երբևէ չի էլ թաքցրել, որ խորհրդային շրջանում Հայաստանում ապրել են ադրբեջանցիներ, և նրանք Հայաստանից հեռացել են Խորհրդային Միության փլուզման գործընթացին զուգընթաց։ 

«Նախ Հայաստանից ադրբեջանցիների ճնշող մեծամասնությունը հեռացել է բավականին քաղաքակիրթ ճանապարհով, օրինակ՝ 100 ընտանիք ուղղակի վաճառել է իր բնակարանը, 12 հազար ընտանիք կարողացել է փոխանակել բնակարաններն Ադրբեջանում ապրող հայերի հետ և 160 հազարից ավել մարդ ստացել են ՀՀ կառավարությունից փոխհատուցում, հետևաբար այստեղ իրավունքներն են սպառված», – ասաց Միրզոյանը։

«Կարող ենք զուգահեռ տանել Ադրբեջանում ապրող շուրջ 500 հազար հայերի և Լեռնային Ղարաբաղի հետ, և հիշել նրանց ճակատագիրը, հիշել Բաքվի, Սումգայիթի ջարդերը: Այս ամենը փաստ է, արձանագրված փաստ», – ասաց Միրզոյանը։

Նա նշեց, որ Երևանն ու Բաքուն չեն քննարկում Արևմտյան Ադրբեջանի հարցը։