Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+16

Արմեն Գրիգորյան. Երևանն առաջարկում է ընդլայնել ԵՄ դիտորդական առաքելության թվաքանակն ու կարողությունները

28.04.2023, 15:34
Արմեն Գրիգորյանը Ջերմուկի ճանապարհին առիթ է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնայի հետ քննարկելու Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելու հարցը
Արմեն Գրիգորյան. Երևանն առաջարկում է ընդլայնել ԵՄ դիտորդական առաքելության թվաքանակն ու կարողությունները
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի./ԱՌԿԱ/. ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Ջերմուկի ճանապարհին առիթ է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնայի հետ քննարկելու Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելու հարցը:

«Առիթ ունեցել ենք ամբողջ ճանապարհին խոսելու և քննարկելու իրավիճակը, և նաև որպեսզի նախարարն ավելի լավ պատկերացնի իրավիճակը, մենք առաջարկել էինք, որպեսզի այցելի Ջերմուկ, տեղում տեսնի իրավիճակը, և ավելի համապարփակ պատկերացում կազմի», – ասել է ԱԽ քարտուղարը՝ ընդգծելով, որ տպավորություն ունի, թե Ֆրանսիայի ԱԳ նախարարն ամբողջական պատկերացում ունի իրավիճակի վերաբերյալ, հաղորդում է Առաջին լրատվականը:

Հարցին՝ ինչո՞վ կարող է աջակցել Ֆրանսիան այս իրավիճակում, և արդյոք փաստահավաք խումբ ուղարկելու մասին քննարկումներ եղե՞լ են, ԱԽ քարտուղարը պատասխանել է, որ Ֆրանսիան շարունակում է ուղիներ փնտրել Հայաստանին օգնելու հարցում:

«Գիտեք, որ Հայաստանն ինտենսիվ աշխատում է միջազգային գործընկերների հետ, որպեսզի միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկվի Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ: Բնականաբար, Ֆրանսիայի հետ էլ ենք քննարկում սա, և ակնկալիք ունենք, որ աջակցություն կստանանք», – ասել է ԱԽ քարտուղարը:

ԱԽ քարտուղարը, անդրադառնալով հարցին՝ դիտորդների քանակական փոփոխություն կամ կարողությունների փոփոխություն հնարավո՞ր է, նշել է, որ այն քննարկվել է:

«Միանշանակ է, որ ներկայիս դիտորդների թվաքանակը բավարար չէ Հայաստանի, Ադրբեջանի հետ միջազգային սահմաններին մոնիթորինգ իրականացնելու համար, և մեր բոլոր գործընկերներին առաջարկում ենք, որպեսզի կարողություններն ավելացնեն մարդկանց թվաքանակի տեսանկյունից և նաև այլ կարողություններ, որպեսզի կարողանանք ավելի պատշաճ դիտարկում իրականացնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին», – ասել է նա։–0–