Այսօր Հայաստանն ու Ադրբեջանը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը սահմանին

ԵՐԵՎԱՆ․ 23 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Այսօր Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղում գեոդեզիական չափումների վրա, հայտնում են ՀՀ կառավարությունից։
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 8-րդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ 2024 թվականի ապրիլի 23-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղում գեոդեզիական չափումների վրա», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Հայաստանի–Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման մեկնարկի մասին
Ապրիլի 19–ին Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ութերորդ հանդիպման ընթացքում կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:
Որոշվել է, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան Արձանագրություն-նկարագրությամբ, ինչը պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով: Կողմերը պայմանավորվել են նաև տվյալ հիմնարար սկզբունքն ամրագրել Կանոնակարգի նախագծում:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ավարտին հասցնել կանոնակարգի նախագծի համաձայնեցման շուրջ աշխատանքները մինչև 2024թ. հուլիսի 1-ը։
Նշվում է նաև, որ կողմերը կդիմեն իրենց Կառավարություններին՝ սահմանագծի համաձայնեցված հատվածներում իրենց սահմանապահ ծառայությունների միաժամանակյա և զուգահեռ տեղակայման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով:
Պայմանավորվել են, Կողմերի կողմից Կանոնակարգի հաստատումից հետո, համաձայնեցնել հերթականությունը և շարունակել սահմանի բոլոր մնացած հատվածների սահմանազատման գործընթացը՝ ներառյալ անկլավների և էքսկլավների հետ կապված հարցերով: