Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ շենքից ու մեկնաբանեց ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի./ԱՌԿԱ/. ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ դուրս եկավ ԱԱԾ շենքից:
Նա շուրջ 9 ժամ ԱԱԾ-ում հարցաքննություն էր անցնում:
«Բոլոր կատարված գործողությունները, որոնք տեղի են ունեցել իմ ելույթից հետո, ես ընդունում եմ քաղաքական: Կան թղթեր, սարքած թղթեր, եթե եղել է իմ հայտարարությունից հետո, դա միայն քաղաքական եմ ես համարում: Որովհետև եթե պապուս թվի, որևէ թվի գործերն են… Ես ասում եմ ես սեփականատեր եմ, ոչ մի կառավարման հետ գործ չունեմ: Բոլորը ես ընդունում եմ իմ ելույթից հետո»,- նշել է նա լրագրողների հետ զրույցում:
Ծառուկյանի շուրջ իրադարձությունների մասին
Այսօր առավոտյան ԱԱԾ աշխատակիցները խուզարկել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար և գործարար Գագիկ Ծառուկյանի առանձնատունը:
Խուզարկությունից հետո ԲՀԿ առաջնորդը հայտարարել է, որ իր վրա գործադրում են քաղաքական ճնշում, սակայն ինքը հետքայլ չի անի:
Այնուհետև Ծառուկյանը կանչվել է ԱԱԾ հարցաքննության:
ԱԱԾ շենքի դիմաց Ծառուկյանի աջակիցները, այդ թվում ԲՀԿ-ական պատգամավորներ ցույց են իրականացնում: Ավելի վաղ ՀՀ ոստիկանությունը բերման է ենթարկել հանրահավաքի 91 մասնակիցների:
Այսօր ԱԱԾ-ն տարածել է մի շարք հաղորդագրություններ:
Հաղորդագրություններից մեկը վերաբերում է Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Շանգրի Լա» և «Օնիրա Քլաբ» ընկերությունների ապօրինի գործունեության հետևանքով պետությանը պատճառված ավելի քան 29 միլիարդ դրամի վնասին:
Ըստ մյուս հաղորդագրության, բացահայտվել են 2017 թ.-ին ԱԺ ընտրությունների ժամանակ ԲՀԿ–ի կողմից ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու հարյուրավոր դեպքեր:
Իսկ ավելի ուշ ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց Առինջ համայնքի պաշտոնատար անձանց կողմից համայնքի բյուջեին 339.300.000 դրամի վնաս հասցնելու դեպքի մասին, որի առթիվ քրգործ է հարուցվել:–0–