Рейтинг@Mail.ru
USD
396.41
EUR
409.45
RUB
4.0918
GEL
142.69
2025 թ. փետրվարի 11, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-7

ՀՀ ԱԳ նախարարը Մոսկվայում եռակողմ բանակցություններից անմիջապես հետո խոսել է կրակի դադարեցման եռակողմ համաձայնագրի, բանակցությունների ձևաչափի և Արցախի ապագա կարգավիճակի մասին (ՎԻԴԵՈ)

10.10.2020, 10:38
ՀՀ ԱԳ նախարարը Մոսկվայում եռակողմ բանակցություններից անմիջապես հետո խոսել է կրակի դադարեցման եռակողմ համաձայնագրի, բանակցությունների ձևաչափի և Արցախի ապագա կարգավիճակի մասին. ՎԻԴԵՈ
ՀՀ ԱԳ նախարարը Մոսկվայում եռակողմ բանակցություններից անմիջապես հետո խոսել է կրակի դադարեցման եռակողմ համաձայնագրի, բանակցությունների ձևաչափի և Արցախի ապագա կարգավիճակի մասին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնաբանել է կրակի դադարեցման համաձայնագիրը Մոսկվայում այսօր գիշերն ավարտված Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ բանակցություններից հետո։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10–ին ավելի քան 11 ժամ տևած բանակցություններից հետո Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջնի ԱԳ նախարարները հանդես են եկել հայտարարությամբ, որն ընթերցել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է. 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։ Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։ Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը։

Մնացականյանը, մասնավորապես, նշել է, որ բավականին բարդ գործընթաց էր, մեզ համար առաջնային խնդիրները վերաբերում էին հետևյալին, «որպեսզի մենք կարողանանք հասնել մի իրավիճակի, երբ որ վերջ կարողանանք դնել այս ագրեսիան»։

«Ագրեսիան հասկանում եք, որ այս պարագայում առանձնահատուկ իրավիճակ էր, երբ Ադրբեջանի գործողությունները համալրված էին Թուրքիայի բավականին բաց և ուժգին աջակցությամբ, և նաև միջազգային ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ, և փաստորեն մեր հայրենակիցները Լեռնային Ղարաբաղում կռվում էին բավականին յուրահատուկ պայմաններում` այս իրավիճակում, երբ բացի Ադրբեջանից կար նման ուժգին հարձակում` նաև ներգրավմամբ նման ուժերի», – ընդգծել է Մնացականյանը Հանրային հեռուստաընկերության տված մեկնաբանության մեջ։

Նա նշել է, որ իրավիճակը տարածաշրջանում մնում է բավականին փխրուն։

«Մեզ անհրաժեշտ է հասնել կրակի դադարի, որովհետև սա ուղղակի և′ տարածաշրջանի համար, և′ ԼՂ–ի համար առաջին հերթին, դարձել էր բավականին լուրջ մարտահրավեր, և որևէ առաջընթացի մասին խոսելն առանց ավարտ դնելու, վերջակետ դնելու այս իրավիճակին, իհարկե, անհնար կլիներ։ Այն, ինչ երկար բավական բանակցությունների ընթացքում մենք կարողացանք արձանագրել այն է, որ մեզ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, դադարեցնել այս վայրագությունը, այս պատերազմը, ամրագրել, ամրապնդել այս դադարը և հետո նոր խոսել խաղաղ գործընթացի մասին, և նաև վերահաստատել, որ Մինսկի խմբի համանախագահությունը մնում է միակ այն ձևաչափը, որը միջազգայնորեն ճանաչված հարթակն է, ձևաչափն է բանակցությունների և խաղաղ գործընթացի համար, և որևէ այլ ուժ, մասնավորապես, Թուրքիան, այդ առումով որևէ դերակատարություն չի կարող ունենալ», – նշել է Մնացականյանը։

Նրա խոսքով, հիմա առաջին խնդիրն ուղղակի այս ճգնաժամն ավարտին հասցնելն է։

«Այստեղ դուք գիտեք, որ նշանակություն ուներ համանախագահության դերակատարությունը, դուք գիտեք, որ առաջին օրվանից հենց բավականին մեծ և կարևոր դերակատարություն ունեին համանախագահ երկրները, և դուք գիտեք համանախագահ երկրների նախագահների մակարդակով հայտարարության մասին, դուք գիտեք արտաքին գործերի նախարարների հայտարարության մասին, դուք գիտեք առանձին նախագահների այն քայլերը, այն գործողությունները, որ իրենք կատարում էին այդ առումով, և Ֆրանսիայի նախագահի դերակատարությունը, և Միացյալ Նահանգների կողմից, դուք գիտեք հայտարարությունը հնարավոր եղավ և նախագահի, և պետքարտուղարի մակարդակով, սա շատ էական էր` ի ցույց դնել այն մտահոգության խորությունը, իրավիճակի լրջության խորությունը։ Ուզում եմ նաև առանձնահատուկ ընդգծել այն դերակատարությունը, որ Ռուսաստանի Դաշնությունը ստանձնեց և ՌուսաստանիԴաշնության նախագահը, այդ առումով նա անձամբ իր ներուժը ներդրեց սրա մեջ ինչպես և մյուսները, բայց մենք այսօր հավաքվել էինք, որպեսզի փորձեինք իրական, գործնական արդյունք ստանալ այն երկխոսությունից, որ տեղի էր ունենում Ռուսաստանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև և առանձին–առանձին։ Մեր հանձնառությունն էր բնականաբար հասնել դրանց իրականացմանը։ Ես հիմա հուսով եմ, որ մենք կկարողանանք ժամը 12–ից հետո կանգնեցնել այս իրապես շատ լուրջ մարտահրավերը, շատ լուրջ իրավիճակը, որը սպառնում է մեր հայրենակիցներին», – ասել է ՀՀ ԱԳ նախարարը։

Նա շեշտել է, որ այս ամենը ևս մեկ անգամ ընդգծեց, որ ֆիզիկական անվտանգության մեր մտահոգություններն ամբողջովին արդարացված են, և դրանք անմիջապես գոյություն ունեն։

«Այդ առումով է, որ խաղաղ բանակցությունների գործընթացում մեզ համար եղել և մնում է առաջնային մեր հայրենակիցների անվտանգության գերակայությունը, և առանձնահատուկ նշանակություն ունի մեզ համար իրենց ինքնորոշման իրավունքի արտահայտման, այդ իրավունքի ճանաչումը և այդ իրավունքի իրականացումը, որը կբերի Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցներին հասնելու այն նպատակին, որն ամրագրում է իրենց ինքնորոշման իրավունքը և ամրագրում է այդ իրողությունը, որը նրանք պետք է ապրեն ազատ, պետք է ապրեն իրենց կյանքը, իրենց ճակատագիրը որոշող այդ կարգավիճակում` որպես մի միավոր, որը ճանաչված լինի բոլորի կողմից այն բոլոր առումներով որպես անկախ պետություն», – ընդգծել է Զոհրաբ Մնացականյանը։

Խոսելով հրադադարի ժամկետների մասին` Մնացականյանը նշել է, որ բանակցությունները չափազանց բարդ էին և տևել են մոտավորապես 10, նույնիսկ 12 ժամ։

«Առաջին քայլը դա է, այստեղ Կարմիր Խաչի միջոցով անհրաժեշտ է լինելու իրականացնել որոշ գործողություններ, որպեսզի հումանիտար բնույթի հարցեր լուծվեն։ Մյուս կարևորագույն խնդիրը, որը բխում է մեր այս համաձայնությունից, դա ամրագրելն է կրակի դադարը, ամրագրելն է մեխանիզմները, որոնք ապահովում են կրակի դադարը, ամրապնդում են բացառումը վերսկսման այս գործողությունների։ Այստեղ նորից կրկնեմ Ռուսաստանի Դաշնությունը և համանախագահ երկրները ունեն իրականացնելու կարևոր գործառույթ, և եթե կնկատեք այն տեքստից, որը համաձայնեցրեցինք, դա քայլեր են` մեկը մյուսից բխող, առաջին, երկրորդ, երրորդ քայլերը, որոնք ենթադրում են իրավիճակի կայունացում, տարածաշրջանում կայունության վերականգնում, Արցախում մեր հայրենակիցների անվտանգության համակարգի վերականգնում և ամրապնդում և խաղաղի գործընթացի շարունակություն, որը մեզ համար եղել է առաջնային նպատակը», – եզրափակել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը։–0–