Рейтинг@Mail.ru
USD
379.21
EUR
444.85
RUB
4.8685
GEL
140.89
2026 թ. հունվարի 20, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները քննարկել են Սյունիքում և Գեղարքունիքում ՀՀ ԶՈՒ–ի հետ համատեղ ռուս սահմանապահների տեղակայման հարցը

17.06.2021, 11:50
Ռազմավարական դաշնակից երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրության հանգուցալուծման ուղիները
ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները քննարկել են Սյունիքում և Գեղարքունիքում ՀՀ ԶՈՒ–ի հետ համատեղ ռուս սահմանապահների տեղակայման հարցը

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի./ԱՌԿԱ/. Հունիսի 16-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հետ, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն։

Ռազմավարական դաշնակից երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրության հանգուցալուծման ուղիները։

«Վաղարշակ Հարությունյանը նշել է, որ հայկական կողմը հարգանքով է վերաբերում գործընկեր պետությունների և կառույցների՝ խնդիրը խաղաղ կարգավորելու կոչերին, հավելելով, որ հայկական կողմի դիրքորոշումն անփոփոխ է. Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները պետք է առանց որևէ նախապայմանի լքեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են նաև ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի՝ հայ-ադրբեջանական սահմանային հատվածներում ՀՀ ԶՈՒ հետ համատեղ ռուս սահմանապահների տեղակայման հարցը։

Անդրադարձ է կատարվել Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի կողմից իրականացվող առաքելության ընթացքին, պաշտպանական ոլորտում հայ-ռուսական համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային հիմնախնդիրներին վերաբերող մի շարք հարցերի։–0–