Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները պայմանավորվել են անհրաժեշտության դեպքում հումանիտար ոլորտում փաստաթուղթ ստորագրել ՌԴ–ի, ՀՀ–ի և Ադրբեջանի միջև

18.11.2020, 13:37
Երեկ երեկոյան ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ
ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները պայմանավորվել են անհրաժեշտության դեպքում հումանիտար ոլորտում փաստաթուղթ ստորագրել ՌԴ–ի, ՀՀ–ի և Ադրբեջանի միջև

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Նոյեմբերի 17-ի երեկոյան ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ, հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Հեռախոսազրույցների ընթացքում նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծված օպերատիվ իրավիճակը և ՌԴ խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված ընթացիկ հարցեր:

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտներ իր գործընկերոջը՝ խաղաղապահ ստորաբաժանման արագ և արդյունավետ տեղակայման, ինչպես նաև զոհված զինծառայողների, գերիների, պատանդների և անհայտ կորածների հայտնաբերման ու փոխանակման աշխատանքները կազմակերպելու համար:

«Հատուկ ուշադրություն է հրավիրվել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին: ՀՀ պաշտպանության նախարարն իր աջակցությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի տարածքում ՌԴ միջգերատեսչական հումանիտար արձագանքման կենտրոնի ստեղծման վերաբերյալ, որը պետք է զբաղվի փախստականների վերադարձի, քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման, զոհված, գերեվարված և անհայտ կորած անձանց որոնողական աշխատանքների և հումանիտար ոլորտում տարբեր կազմակերպությունների գործունեության համադրման հարցերով», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել անհրաժեշտության դեպքում այս ոլորտում եռակողմ փաստաթուղթ ստորագրել Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջև:–0–