Рейтинг@Mail.ru
USD
392.34
EUR
427.93
RUB
4.6774
GEL
141.48
2025 թ. մարտի 18, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+14

ՀՀ–ում մեկնարկեց «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը (ՎԻԴԵՈ)

15.07.2024, 15:36
Հուլիսի 15-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկը․ ՎԻԴԵՈ
ՀՀ–ում մեկնարկեց «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Հուլիսի 15-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկը, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն;

Զորավարժության բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը և այլք։ 

Հնչել են ՀՀ և ԱՄՆ պետական օրհներգերը, «Արծիվ գործընկեր» զորավարժության օրհներգը։ Զորավարժությանը ներգրավված զինծառայողներին ողջույնի խոսք են հղել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։ 

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն իր խոսքում մասնավորապես նշել է. «Բարձր եմ գնահատում զորավարժության նախապատրաստական գործընթացին մասնակցած Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի, Կանզասի ազգային գվարդիայի, որը 2 տասնամյակից ավել հանդիսանում է Հայաստանի գործընկերը, ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի զինծառայողների, ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչների և ՀՀ պաշտպանության նախարարության անձնակազմի աշխատանքը զորավարժության արդյունավետ պլանավորման գործում:

Բարձր եմ գնահատում միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում բարձրացնելուն ուղղված այս համագործակցությունը»։ 

Բացման արարողությունն ամփոփվել է հանդիսավոր երթով: 

Հիշեցնենք, որ միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում հուլիսի 15-24-ը Հայաստանում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։

Զորավարժությանը ներգրավված են ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: 

Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ։

Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը: 

Խաղաղապահ առաքելությունների նախապատրաստության շրջանակում միջազգային խաղաղապահ գործողությունների համար նախապատրաստվող ստորաբաժանումները պարբերաբար մասնակցում են նմանօրինակ համատեղ զորավարժությունների և վարժանքների գործընկեր երկրներում: