Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 16, կիրակի
եղանակը
Երևանում
+17

ՀՀ վարչապետն ընդունելէ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին

14.12.2020, 18:40
ՀՀ վարչապետն ընդունելէ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին
ՀՀ վարչապետն ընդունելէ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին, հաղորդում է վարչապետի մամուլի ծառայությունը:

Վարչապետը կարևորել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան: Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել ՄԽ համանախագահության ձևաչափում բանակցությունների վերականգնումը՝ ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման նպատակով: Վարչապետը որպես առաջնահերթություն ընդգծել է Արցախի կարգավիճակի հստակեցումը՝ հաշվի առնելով արցախցիների ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքի կարևորությունը, Արցախի՝ Ադրբեջանի կողմից գրավված տարածքների դեօկուպացիան, արցախահայության՝ սեփական բնակավայրեր անվտանգ վերադարձի համար պայմանների ապահովումը, կրոնական ու մշակութային ժառանգության պահպանումը:

Կառավարության ղեկավարը դատապարտելի է համարել Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների խախտումը, ինչի դրսևորումն էին արցախա-ադրբեջանական շփման գծում դեկտեմբերի 11-ին և 12-ին տեղի ունեցած սադրիչ գործողությունները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պատերազմից հետո ստեղծված իրավիճակին, բանակցային գործընթացի վերսկսմանը, արցախահայության իրավունքների վերականգնմանը և անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր:

Հադրութում իրավիճակի սրացման մասին

Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել երեք պահեստազորայիններ:

Դեկտեմբերի 12-ին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, կուտակելով հավելյալ անձնակազմ և զինտեխնիկա, այդ թվում նաև ծանր հրետանային միջոցներ, կոպտորեն խախտելով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության պահանջները, հարձակում են նախաձեռնել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ։

Ինչպես հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը, մի քանի ժամ տևած մարտերի արդյունքում հակառակորդին հաջողվել է մտնել Հին Թաղեր գյուղ, ինչպես նաև ընդհուպ մոտենալ Խծաբերդ գյուղին։

Ադրբեջանական սադրանքի արդյունքում վերսկսված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի վեց վիրավոր, հակառակորդն ունի զոհեր և վիրավորներ։

Ավելի վաղ (Արցախում ռազմական գործողությունների ավարտից հետո, խմբգր.) հաղորդվում էր, որ հենց այս երկու գյուղերն են մնացել հայկական կողմի վերահսկողության տակ, բայց դրանք կտրված են Հադրութի շրջանի հիմնական տարածքից, որը փոխանցվել է Ադրբեջանի վերահսկողության տակ նոյեմբերի 9–ին ստորագրված եռակողմ հայտարարության արդյունքում։

Կիրակի օրը՝ դեկտեմբերի 13-ին, ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ ադրբեջանական ուժերը սադրիչ գործողությունները շարունակել են նաև Հադրութի շրջանի Մեծ Շեն և Հին Շեն բնակավայրերի ուղղությամբ:

Ավելի ուշ դեկտեմբերի 13-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել է, Հին Թաղեր գյուղը խաղաղապահների վերահսկողության տակ անցնելու մասին: -0-