Рейтинг@Mail.ru
USD
391.57
EUR
426.77
RUB
4.6962
GEL
141.11
2025 թ. մարտի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

Հայաստանի բնակչությունը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյանը` թուրքական թերթին տված հարցազրույցում

16.03.2022, 11:04
Հայաստանի բնակչությունը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյանը` թուրքական թերթին տված հարցազրույցում
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի./ԱՌԿԱ/. Ես Անթալիա այցելեցի և մասնակցեցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին՝ ևս մեկ անգամ վերահաստատելու Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքական կամքը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորման հասնելու և տարածաշրջանում խաղաղ և կայուն զարգացման դարաշրջան բացելու վերաբերյալ։ Այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում:

Նա հիշեցրել է նախորդ ամիսների ընթացքում Հայաստանի և Թուրքիայի միջև տեղի ունեցած զարգացումների կարևոր դրվագները։

«Երկու երկրների ղեկավարները՝ վարչապետ Փաշինյանը և նախագահ Էրդողանը, հրապարակային հայտարարություններ էին փոխանակել՝ երկու երկրների միջև բանակցություններ սկսելու պատրաստակամություն հայտնելով։ Ավելի ուշ Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության գործընթացի հատուկ ներկայացուցիչներ նշանակվեցին։ Նրանք արդեն երկու հանդիպում են ունեցել, համապատասխանաբար՝ Մոսկվայում և Վիեննայում, որոնց ընթացքում պայմանավորվել են շարունակել առանց նախապայմանների բանակցությունները՝ միտված հարաբերությունների լիարժեք կարգավորմանը», - նշել է ԱԳ նախարարը:

Գնահատելով Թուրքիայի և Հայաստանի միջև ընթացող կարգավորման գործընթացը՝ Միրզոյանը նշել է, որ Հայաստանն ընդհանուր առմամբ դրական է գնահատում այն:

«Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու սահմանների բացմանը։ Ուրախ էի իմ թուրք գործընկերոջից լսել, որ իրենց կողմից նույնպես կա քաղաքական կամք՝ գործընթացը տանելու այդ նպատակին։ Կարծում եմ՝ հիմա, երբ իրադարձություններն աշխարհում շատ արագ են զարգանում, մենք չպետք է վարանենք կոնկրետ քայլեր ձեռնարկել», - ասել է Միրզոյանը:

Պատասխանելով այն հարցին, թե որո՞նք են կարգավորման գործընթացի օգուտները հայ և թուրք ժողովուրդների համար՝ ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ մարդիկ արդեն իսկ օգտվում են Երևան-Ստամբուլ ուղիղ չվերթներից։ Սահմանների բացումն իր դրական ազդեցությունը կունենա երկու երկրների միջև կոմունիկացիոն հաղորդակցության, առևտրատնտեսական հարաբերությունների, մարդկանց միջև շփումների և, ընդհանրապես, տարածաշրջանում կայունության վրա։

Նախարարը նաև ընդգծել է, որ սա Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցն է Թուրքիա վերջին տասնամյակում։

«Ավելորդ է նշել, որ եթե կարգավորման գործընթացը հարթ ընթանա և մենք հասնենք դրական արդյունքների, կարող են փոխայցելություններ լինել», - նշել է ԱԳ նախարարը։

Պատասխանելով կարգավորման գործընթացի վերաբերյալ հայ ժողովրդի մոտեցման մասին հարցին՝ Միրզոյանն ընդգծել է, որ ընդհանուր առմամբ, Հայաստանի բնակչությունը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ։

«Դա արտացոլված է նաև հասարակական կարծիքի վերաբերյալ հարցումներում։ Իհարկե, և՛ հայկական, և՛ թուրքական հասարակություններում կան խմբեր, որոնք, այսպես ասեմ, թերահավատորեն են վերաբերվում այս գործընթացին», - ասել է Միրզոյյյանը՝ նշելով, որ Եեկու կողմերի պաշտոնյաները պետք է քաղաքական առաջնորդություն ստանձնեն այս խնդիրները հասցեագրելու ուղղությամբ:

«Նախարար Չավուշօղլուի հետ իմ հանդիպման ընթացքում մենք կարծիքներ ենք փոխանակել որոշակի զգայուն կետերի վերաբերյալ, և ես հույս ունեմ, որ դրանք հաշվի կառնվեն», - եզրափակել է Միրզոյանը։-0-