Рейтинг@Mail.ru
USD
389.41
EUR
441.28
RUB
4.7127
GEL
141.78
2025 թ. մայիսի 3, շաբաթ
եղանակը
Երևանում
+19

Հայաստանում պատասխանել են Ալիևին, ով կրկին տարածքային հավակնություններ է ներկայացրել Սյունիքի նկատմամբ

26.12.2022, 12:37
Ալիևը շաբաթ օրը կրկնել է Հայաստանի նկատմամբ իր տարածքային հավակնությունների մասին
Հայաստանում պատասխանել են Ալիևին, ով կրկին տարածքային հավակնություններ է ներկայացրել Սյունիքի նկատմամբ
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները:

Ալիևը շաբաթ օրը կրկնել է Հայաստանի նկատմամբ իր տարածքային հավակնությունների մասին։ «Արևմտյան Ադրբեջանը (ինչպես Ադրբեջանի իշխանություններն անվանում են Հայաստանի Սյունիքի մարզը, խմբ.) մեր պատմական հողն է: Դա հաստատում են բազմաթիվ պատմական փաստաթղթեր, պատմական քարտեզներ, մեր պատմությունը»,- ասել է նա։

«Դեկտեմբերի 24-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում հնչեցված մտքերը ևս մեկ անգամ վկայում են, որ այս պետության ղեկավարությունը որևէ կերպ շահագրգիռ չէ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմամբ: Ավելին, վերջինս ոչ միայն բացահայտորեն ընդունում է ուժի կիրառման միջոցով ՀՀ ինքիշխան տարածքի օկուպացիայի փաստը, այլև` Հայաստանի Հանրապետության նկատմամբ հնչեցնում է նոր տարածքային պահանջներ և ուժի կիրառման սպառնալիքներ, բացահայտ արհամարհանք ցուցաբերում թե՛ միջազգային իրավունքի և թե՛ միջազգային գործընկերների նկատմամբ», - նշվում է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

ԱԳՆ-ից նաև նշում են, որ Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունները, որոնք հակասում են Պրահայում և Սոչիում այս տարի ձեռք բերված պայմանավորվածություններին, արտացոլում են Ադրբեջանի ղեկավարության նկրտումները՝ ուղղված խաղաղության գործընթացի վիժեցմանը:

«Իրականության հետ որևէ աղերս չունեն նաև Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերաբերյալ ելույթում հնչեցված բոլոր հիմնավորումները: Այս և նախկինում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացված այլ ագրեսիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդին էթնիկ զտումների ենթարկելու հետևողական քաղաքականության մասն են: Եվս մեկ անգամ ընդգծելով տարածաշրջանում խաղաղություն և կայունություն կառուցելու հայկական կողմի հաստատակամությունը՝ միջազգային շահագրգիռ գործընկերներին կոչ ենք անում հասցեական հայտարարությունների և թիրախային գործողությունների միջոցով պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել ռազմատենչ և առավելապաշտական հռետորաբանությունը, իրագործել իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները, դուրս բերել ադրբեջանական զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից և վերականգնել Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունը», - նշվում է ԱԳՆ-ի հայտարարության մեջ:-0-