Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

Հայկական կողմը մտադիր է մասնակցել Արցախի հարցով եռակողմ աշխատանքային խմբի երրորդ նիստին

26.02.2021, 18:35
«Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի երրորդ նիստը նախատեսվում է անցկացնել փետրվարի 27–ին Մոսկվայում
Հայկական կողմը մտադիր է մասնակցել Արցախի հարցով եռակողմ աշխատանքային խմբի երրորդ նիստին

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի./ԱՌԿԱ/. Հայկական կողմը մտադիր է մասնակցել Արցախի հարցով եռակողմ աշխատանքային խմբի երրորդ նիստին` փոխվարչապետերի մակարդակում։ Այս մասին ուրբաթ ՏԱՍՍ–ին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը` պատասխանելով համապատասխան հարցին։

«Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի երրորդ նիստը նախատեսվում է անցկացնել փետրվարի 27–ին Մոսկվայում։ Այս պահին բոլոր կողմերը հաստատել են իրենց մասնակցությունը», – ասել է նա։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արտասահմանյան ԶԼՄ–ներին տված հարցազրույցում հայտարարել է, որ Բաքուն ըմբռնումով կմոտենա, եթե Հայաստանը չեղարկի շաբաթ օրը նախատեսված աշխատանքային խմբի հանդիպումը։

Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը փետրվարի 25–ին հայտարարություն է տարածել՝ վճռական բողոք արտահայտելով Տիրան Խաչատրյանին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու առնչությամբ: Զինված ուժերի գլխավոր շտաբը պահանջում է վարչապետի և կառավարության հրաժարականը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին գլխավոր շտաբի հայտարարությունը համարել է ռազմական հեղաշրջման փորձ՝ կոչ անելով իշխանության կողմնակիցներին գնալ Հանրապետության հրապարակ: Ավելի ուշ «Ֆեյսբուքի» իր էջի ուղիղ եթերում վարչապետը հայտնեց, որ որոշել է պաշտոնից ազատել ՀՀ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին: ՀՀ նախագահը դեռ չի ստորագրել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը։

Փետրվարի 25–ին Երևանում կազմակերպվեցին Փաշինյանի կողմնակիցների և ընդդիմադիրների հանրահավաքները։ Ընդդիմությունը փակեց Բաղրամյանի պողոտան, որտեղ գտնվում է ԱԺ–ի շենքը և հայտարարեց անժամկետ ու շուրջօրյա ակցիաների մասին, որոնք կշարունակվեն մինչև Փաշինյանի հրաժարականը։–0–