Հունաստանը պատրաստվում է Հայաստանին փոխանցել ռուսական ՀՕՊ համակարգեր․ ԶԼՄ
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Հունաստանը պատրաստվում է Հայաստանին փոխանցել C-300 և ռուսական արտադրության ևս երկու զինատեսակներ, որոնք օգտագործվում էին երկրի հակաօդային պաշտպանության համար և դրանք փոխարինել իսրայելական արտադրության համակարգերով, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով հունական Enikos պորտալին։
Նրա խոսքով, Հունաստանի զինված ուժերի ղեկավարությունը վճռական է տրամադրված հունական ռազմական զինանոցից դուրս բերել ռուսական ռազմական արսենալը և արմատապես փոխարինել հին համակարգերը նոր արևմտյան տեխնոլոգիաներով։
Ըստ պորտալի՝ «Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբը Հայաստանին ռուսական արտադրության սպառազինության համակարգեր տրամադրելու վերջնական փուլում է»։ Պորտալը նշում է, որ «նախկինում ենթադրվում էր, որ այդ համակարգերը կարող են փոխանցվել Ուկրաինային, սակայն Գլխավոր շտաբը դիտարկում է այլ՝ ոչ պակաս շահավետ այլընտրանքներ»։
Ըստ առկա տեղեկատվության՝ Հայաստանի պաշտպանության ամրապնդումը զուտ հունական նախաձեռնություն չէ, այլ Ֆրանսիայի հետ համագործակցության արդյունք, որը նույնպես կնպաստի այդ երկրի սպառազինմանը, հավելում է հրատարակությունը։ Աթենքի համար Կիևի փոխարեն Երևանի հզորացումը ռազմավարական ընտրություն է բազմաթիվ պատճառներով, շարունակում է պորտալը։
Առաջին հերթին դաշնակցային շատ սերտ կապերի, նորագույն պատմության ընդհանուր ջանքերի, ինչպես նաև ընդհանուր կրոնական համոզմունքների պատճառով։ Բացի այդ, ուժեղ Հայաստանը հակակշիռ կլինի անհաշտ Թուրքիային, որը բացահայտ ուժեղացնում է Ադրբեջանը, կարծում է պորտալը։
Նրա տեղեկություններով՝ իսրայելական արտադրության զենիթային համակարգերը, որոնք պետք է փոխարինեն ռուսական համակարգերին Հունաստանում, ներառում են David’s Sling –ը՝ մինչև 300 կմ հեռահարությամբ բալիստիկ հրթիռներով, Barak MX–ը՝ 35-ից մինչև 150 կմ հեռավորությամբ և Spyder-ը՝ 20–ից մինչև 50 կմ հեռավորությամբ։