Կարեն Կարապետյանը ներառվել է ՌԴ կառավարությանն առընթեր Փորձագիտական խորհրդի նախագահության կազմում

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի դեկտեմբերի 10–ին հանձնարարությամբ, հաստատվել է փորձագիտական խորհրդի նախագահության կազմը, հաղորդում է Ինտերֆաքսը։
ՌԴ նախագահական վարչակազմի նախկին ղեկավար Ալեքսանդր Վոլոշինը դարձել է կառավարությանն առընթեր փորձագիտական խորհրդի համակարգողը։ Բացի Վոլոշինից, խորհրդի կազմում ներառվել են ՌԴ կառավարության միանգամից երեք նախկին ղեկավարները` Վիկտոր Զուբկովը, Սերգեյ Ստեպաշինն ու Միխայիլ Ֆրադկովը, ինչպես նաև ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։ Մեդվեդևի որոշման մեջ նշված է, որ Կարապետյանը Գազպրոմբանի վարչության նախագահի խորհրդականն է, նա նաև ընդգրկված է ռուսական «Զարուբեժնեֆտի» տնօրենների խորհրդի կազմում։
Խորհրդի նախագահության կազմում են ներառվել նաև գիտական շրջանակների ներկայացուցիչներ` Մոսկվայի պետական համալսարանի (ՄՊՀ) ռեկտոր Վիկտոր Սադովնիչին, ՄՊՀ–ի էկոնումիկայի ֆակուլտետի դեկան Ալեքսանդր Աուզանը, Ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ռուսական ակադեմիայի ռեկտոր Վլադիմիր Մաուն, «Էրմիտաժի» ղեկավար Միխայիլ Պիոտրովսկին, «Կուրչատովսկի ինստիտուտ» ազգային հետազոտական կենտրոնի նախագահ Միխայիլ Կովալչուկը, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ռեկտոր Նիկոալ Կրոպաչյովը, Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի ռեկտոր Յարոսլավ Կուզմինովը։
Նախագահության կազմում նաև ներառվել են Սբերբանկի ղեկավար Գերման Գրեֆը, Զարգացման ռուսական պետական կորպորացիայի նախագահ Իգոր Շուվալովն ու Արդյունաբերողների և գործարարների ռուսական միության նախագահ Ալեքսանդր Շոխինը։
Փորձագիտական խորհրդի նախագահությունը նոր մարմին է, որը հիմնադրվել է ՌԴ կառավարության հոկտեմբերի 31–ի կարգադրությամբ։ Մարմնի կազմում ներառված է 15 մարդ։ Այն մշտապես գործող կառույց է։ Նախագահությունը սահմանում է Փորձագիտական խորհրդի գործունեության հիմնական ուղղություններն ու ձևավորում է նրա դիրքորոշումը կառավարության լիազորություններին վերաբերող ռազմավարական հարցերի շուրջ։ Համակարգողը զբաղվում է նախագահության նիստերի նախապատրաստական աշխատանքներով, փոխգործակցում է կառավարության ապարատի հետ։–0–