Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 13, շաբաթ
եղանակը
Երևանում
+2

Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի հետ․ քննարկվել է Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը

30.11.2023, 11:36
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-ամերիկյան երկկողմ օրակարգին
Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի հետ․ քննարկվել է Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի․/ԱՌԿԱա/․ Նոյեմբերի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Հանդիպումը կայացել է Սկոպյեում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում։

Ինչպես հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը, քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին։

Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ չնայած Ադրբեջանի կողմից ցուցաբերած ոչ կառուցողական կեցվածքին, Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտմանն ու առկա հումանիտար խնդիրներին՝ ՀՀ-ն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկները՝ հայտնի սկզբունքներին համապատասխան, և վերջիններիս Ադրբեջանի հստակ հանձնառության պարագայում հնարավոր կլինի նախագծի համաձայնեցման ուղղությամբ գրանցել էական առաջընթաց։

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ծրագրերի, որոնց համատեքստում Նախարար Միրզոյանը վկայակոչել է Հայաստանի կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ ընդգծելով նաև տարածաշրջանի կայունության համար դրա իրականացման արդյունքում ակնկալվող առավելությունները։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-ամերիկյան երկկողմ օրակարգին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ և բազմակողմ հարթակներում առկա համագործակցության ու դրա ընդլայնման հեռանկարների շուրջ։–0–