Մնացականյանն անթույլատրելի է համարել Բաքվի ապակառուցողական հայտարարությունները, որոնք վնասում են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի./ԱՌԿԱ/. Հունիսի 30-ին տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի տեսակոնֆերանսը, որն անցկացվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ–ն։
Տեսակոնֆերանսի ընթացքում անդրադարձ կատարվեց համավարակային պայմաններում խաղաղ գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակին:
«Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է Ադրբեջանի կողմից հնչեցվող ռազմատենչ և ապակառուցողական հայտարարությունների անթույլատրելիությունը՝ նշելով, որ դրանք վնաս են հասցնում խաղաղ գործընթացի միջավայրին և խոչընդոտում ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հանձնառության իրականացումը», – նշվում է հաղորդագրության մեջ:
Միևնույն ժամանակ նախարար Մնացականյանը կարևորեց Արցախի ժողովրդի համապարփակ անվտանգության շարունակական ապահովման անհրաժեշտությունը, այդ թվում՝ ազատ և անվտանգ տեղաշարժի միջոցով:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին առերես հանդիպումների և համանախագահների տարածաշրջան այցի հնարավորությունները՝ կախված համավարակային իրավիճակի զարգացումներից:
Միևնույն ժամանակ ընդգծվել է գալիք ամիս հեռավար կապով շփումները շարունակելու պատրաստակամությունը:–0–