Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 24, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+11

Փաշինյան. Ադրբեջանի նախագահի հետ վերահաստատել ենք Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման որոշումը

16.12.2021, 12:22
Փաշինյանը նշեց նաև, որ եթե Հայաստանին  հաջողվի որոշակի երկխոսություն սկսել Թուրքիայի հետ, այս նախագիծը կարող է շատ ավելի մեծ մասշտաբ ստանալ՝ հիշեցնելով Երասխ-Գյումրի-Կարս երկաթուղու մասին
Փաշինյան. Ադրբեջանի նախագահի հետ վերահաստատել ենք  Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման որոշումը

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերահաստատել են  Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման որոշումը և պայմանավորվածությունը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կառավարության դեկտեմբերի 16-ի նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ այդ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացմամբ զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի քննարկումների արդյունքում, որոնք համանախագահում են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը:

Երկրի ղեկավարը հիշեցրեց, որ պայմանավորվածությունը արձանագրվել էր նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, և Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպմանը, ըստ էության, այս ամենն արձանագրվեց:

«Ընդգծում եմ, որ երկաթուղին կգործի սահմանային և մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն` փոխադարձության սկզբունքով, երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո:  Հայաստանը այս երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն, Ադրբեջանը երկաթուղային կապ կստանա Նախիջևանի հետ»,- ընդգծեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ եթե Հայաստանին  հաջողվի որոշակի երկխոսություն սկսել Թուրքիայի հետ և հաջողվի հասնել սահմանի և կոմունիկացիաների բացմանը, այս նախագիծը կարող է շատ ավելի մեծ մասշտաբ ստանալ՝ հիշեցնելով Երասխ-Գյումրի-Կարս երկաթուղու մասին:

«Իհարկե, մինչև բուն շինարարությունը մեծ աշխատանք կա անելու, նախագծելու, մրցույթներ հայտարարելու, պայմանավորվածություններ ձեռք բերելու: Իհարկե, այդ աշխատանքի մի մասը արված է, բայց հիմա մենք պետք է արդեն գործնական և ամենօրյա աշխատանքով լուծենք այս խնդիրը: Իհարկե, ավելի նեղ կազմով խորհրդակցություններ կանենք առաջիկա օրերին, որպեսզի ավելի կոնկրետացնենք մեր պատկերացումները, ժամանակացույցը և ճանապարհային քարտեզը: Մեր մտադրությունը և ցանկությունն է օր առաջ ունենալ այդ երկաթուղին: Չեմ ուզում գերագնահատել այս պայմանավորվածության և նախագծի նշանակությունը, բայց մյուս կողմից չեմ ուզում թերագնահատել.  սա մի կարևոր պայմանավորվածություն է, որը, իհարկե, ես հույս ունեմ ճշգրիտ ձևով մենք կիրագործենք, որը էականորեն կփոխի տարածաշրջանի տնտեսական, ներդրումային, քաղաքական և անվտանգային միջավայրը և մենք առաջիկայում պետք է կենտրոնանանք նաև այս խնդրի լուծման վրա»,- եզրափակեց Փաշինյանը:–0–