Փաշինյանը`Ալիևի հետ հանդիպման մասին. ժամանակի և տեղի սահմանափակումներ չկան (ՎԻԴԵՈ)Փաշինյանը`Ալիևի հետ հանդիպման մասին. ժամանակի և տեղի սահմանափակումներ չկան (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հնարավոր հանդիպման ժամկետներն ու վայրը։
Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ալիևի հետ։ Սեպտեմբերի 28–ին Ալիևը ևս հայտարարել է, որ դեմ չէ հանդիպել ՀՀ վարչապետի հետ, եթե այն կազմակերպի ԵԱՀՄ Մինսկի խումբը։
«Կարծում եմ, որ հանդիպման առնչությամբ ժամանակի և տեղի սահմանափակումներ չկան, քանի որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նման հանդիպումների կազմակերպման պրակտիկա ունեն։ Միակ տրամաբանական սահմանափակումը այն է, որ այդ հանդիպումները տեղի են ունենում երրորդ երկրների տարածքում», – ասաց նա։
Փաշինյանը հիշեցրեց, որ վերջին ամիսներին ողջունել է ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունները, որոնք վերաբերում են ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորմանը այն սկզբունքների և տարրերի հիման վրա, որոնք դրված են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների սեղանին։
«Հանդիպումների պատրաստակամության մասին հայտարարում ենք ոչ առաջին անգամ։ Հույս ունեմ, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում հնարավոր կլինի ակտիվացնել ջանքերը՝ ուղղված ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը», – ասաց նա։
Վարչապետն ընդգծեց, որ հայ ռազմագերիները, պատանդներն ու այլ պահվող անձինք մինչև հիմա չեն վերադարձվել։
«Նրանց վերադարձը կապահովի որոշակի դրական ֆոն, որի ֆոնին հնարավոր կլինի ստեղծել ավելի արդյունավետ հնարավորություններ բանակցությունների համար և սահմանագծման ու սահմանազատման շուրջ, և տարածաշրջանային հաղորդակցությունների շուրջ, և ղարաբաղյան հակամարտության քաղաքական ու համապարփակ կարգավորման շուրջ», – ասաց նա։–0–