Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

Փաշինյանը մեկնաբանել է Տավուշում սահմանազատման հարցով Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունը

16.05.2024, 14:50
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի սկզբում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացին
Փաշինյանը մեկնաբանել է Տավուշում սահմանազատման հարցով Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունը

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի․/ԱՌԿԱ/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի սկզբում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացին:

Փաշինյանը հիշեցրել է, որ երեկ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանազատման հանձնաժողովները՝ ի կատարումն ապրիլի 19-ի համատեղ նիստի ընդունած արձանագրության, համաձայնեցրել են Հայաստանի Հանրապետության Բաղանիս, Ադրբեջանի Հանրապետության Բաղանիս Այրում, Հայաստանի Հանրապետության Ոսկեպար, Ադրբեջանի Հանրապետության Աշաղ Ասկիպարա, Հայաստանի Հանրապետության Կիրանց, Ադրբեջանի Հանրապետության Խեյրեմլի, Հայաստանի Հանրապետության Բերքաբեր, Ադրբեջանի Հանրապետության Կըզըլ Հաջիլի գյուղերում սահմանային նախանշված հատվածները և ստորագրել են այդ սահմանային հատվածների նկարագրություն-արձանագրությունները:

«Ուզում եմ ասել, որ տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն: Ինչո՞ւ եմ համարում մեծ հաջողություն՝ երկու պատճառով: Առաջինը՝ մեր ինքնիշխանության և անկախության հետագա զարգացման և ամրապնդման համար դրվել է մի շատ կարևոր անկյունաքար: Երկրորդը՝ մեր հանրապետությունն անկախությունից ի վեր առաջին անգամ ունի պաշտոնապես դելիմիտացված սահման, որն այս փաստով էականորեն մեծացնելու է անվտանգության և կայունության մակարդակը ոչ միայն նշված գյուղերի հատվածում, այլև ընդհանրապես՝ ամբողջ Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով», – ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով, սահմանազատումը տեղի է ունեցել 1976 թվականի քարտեզներով, որոնք հերթապահության գործընթաց են անցել 1979 թվականին:

«Մեզ համար սկզբունքային էր, որ սահմանազատման գործընթացում Հայաստանի և Ադրբեջանի միջև ոչ թե նոր սահման ստեղծելու, այլ նախկինում Ալմա- Աթայի հռչակագրով վերահաստատված սահմանները վերարտադրելու գործընթացը: Այսինքն՝ մենք ասում ենք, որ սահմանազատման ընթացքում մենք ոչ թե պետք է սահման ստեղծենք, այլ պետք է վերարտադրենք այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել Խորհրդային Միության փլուզման պահին և ունեն դե յուրե իրավական նշանակություն: Սրա համար մենք նախ հղում էինք անում Ալմա-Աթայի հռչակագրին, և ապրիլի 19-ին դա ամրագրվեց, արձանագրվեց, ընդ որում՝ որպես սահմանազատման ողջ գործընթացի բազային սկզբունք: Հիմա նաև մենք քարտեզների հղումն ունենք, և դրանք Խորհրդային Միության դե յուրե իրավական նշանակություն ունեցող վերջին քարտեզներն են», – ասաց Փաշինյանը։

Նա պարզաբանեց «հերթապահության գործընթաց» արտահայտությունը։

«Խորհրդային հանրապետությունների միջև, ըստ էության, եթե չասենք անընդհատ, պարբերաբար սահմանային հարցերի ճշգրտումներ են եղել հանրապետությունների ներքին օրենսդրությունների և գործընթացների գործելակարգերի համաձայն, իհարկե, Խորհրդային Միության օրենսդրության շրջանակներում: Իսկ այդ, արդեն իսկ հաստատված գործընթացներին քարտեզագրական մակարդակով վերջնական իրավական ուժ հաղորդել է գեոդեզիայի և քարտեզագրության ոլորտում Խորհրդային Միության լիազոր մարմինը, որը պարբերաբար, ժամանակ առ ժամանակ հանրապետություններից հավաքել է արդեն իսկ հանրապետություններում իրավական ուժ ստացած որոշումները, ընդ որում՝ ամբողջական կամ հատվածական, այսինքն՝ ինչ տեղեկություն այդ ընթացքում կա, որ իրավական ուժ ունի, հավաքվել են, դրանք վերստուգվել են: Սա շատ կարևոր հանգամանք է, այսինքն՝ ոչ միայն տեղեկությունները հավաքվել են, այլև լիազոր մարմինը ետ է գնացել՝ պարզելու, թե իր ստացած տեղեկությունը, իսկապես, ինչքանով է իրավական հիմնավորված: Եվ, ահա, այս բոլոր տեղեկությունների հիման վրա հաստատել է խորհրդային հանրապետությունների միջև սահմանային գծի քարտեզագրական հիմքը», – ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով, մեր սահմանազատվող հատվածում 1979 թվականին հերթապահության գործընթաց անցած, այսինքն՝ դե յուրե հաստատված քարտեզներն այդպիսի վերջին քարտեզներն են Խորհրդային Միության օրոք:

«Այսինքն՝ Խորհրդային Միության գոյության ընթացքում մեր սահմանազատվող հատվածներում հերթապահության գործընթաց անցած, այսինքն՝ դե յուրե վերջնականորեն հիմնավորված այլ քարտեզ պարզապես գոյություն չունի: Եվ այս սկզբունքը, որ պետք է սահմանների վերարտադրություն տեղի ունենա, մեզ համար չափազանց կարևոր է: Եվ ավելի պարզ լեզվով ասած՝ մենք որդեգրել ենք սկզբունք, որ սահմանն անցնում է այն տեղով, որտեղով անցնում է: Ես ուզում եմ այս նրբությունը մենք բոլորս արձանագրենք՝ սահմանն անցնում է այն տեղով, որտեղով անցնում է», – ասաց Փաշինյանը։